Ալեքսանդր Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Սիմոնյան
Ծնվել էհունվարի 15, 1945(1945-01-15) (79 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունֆիզիկա
Հաստատություն(ներ)Երևանի ֆիզիկայի ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1963)

Ալեքսանդր Լյուդվիգի Սիմոնյան (հունվարի 15, 1945(1945-01-15)), ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (28.12. 2011)[1], դոկտոր, պրոֆեսոր։ Աուբուրնի համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Սիմոնյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 15-ին, Հայաստանում։ Հայրը՝ Լյուդվիգ Սիմոնյանը, գաղթել էր Կարսից, ապաստան գտել ամերիկյան մանկատանը, այնուհետև ավարտել Երևանի գյուղատնտեսական համալսարանը։ Հետագայում նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել, այնուհետև գյուղատնտես աշխատել Հայաստանի տարբեր շրջաններում։ Մայրը՝ Վերգինե Բուրխաչյանը, արմատներով եղել է Էրզրումից, սակայն ծնվել է Կրասնոդարում, աշխատել է Երեվանի Զեթօճառ գործարանում որպես տնօրեն, հետագայում՝ սննդի նախարարությունում։

Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Սիմոնյանը բարձր առաջադիմությամբ ավարտել է Երևանի Կամոյի անվան թիվ 76 դպրոցը։ Սովորելու տարիներին իր համար բացահայտել է, որ իր հետագա ուղին պետք է կապի միմիայն ֆիզիկայի հետ։ Նրա սերը առ ֆիզիկան այնքան մեծ է եղել, որ կարողացել է համադասարանցիներին էլ «վարակել», և նրանցից 8-ը իրենց մասանգիտական կողմնորոշումը կապել են ֆիզիկայի հետ։ Ալեքսանդր Սիմոնյանը մեծ երախտագիտությամբ հիշում է իր մաթեմատիկայի ուսուցչուհուն՝ Մարգարիտա Սարգսյանին, որին համարում է իր հաջողությունների հիմնական «մեղավորը»։ «Չլիներ Մարգարիտա Սարգսյանի խստությունը ես ո՛չ կսովորեի, ո՛չ ձգտում կունենայի», - ժպտալով հիշում է արդեն ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ալեքսանդր Սիմոնյանը։ Դպրոցական տարիներին մեծ սիրով զբաղվում էր նաև սպորտով՝ վոլեյբոլով, Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ էր և շարունակեց սպորտով զբաղվել նաև ուսանողական տարիներին։ 1963 թվականին Ալեքսանդր Սիմոնյանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որը գերազանց ավարտելուց հետո, աշխատանքի է անցնում Երևանի ֆիզիկայի ինստիտուտում։ 1973 թվականին Ալեքսանդրը պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը՝ «Իոնոֆորան որպես էլեկտրական շունտ մկանային մեմբրանային թելիկի մեջ» թեմայով։

Գիտական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին սկսեց զբաղվել նոր ուղղությամբ, որն առավել հայտնի է ֆերմենտային էլեկտրոդներ անվամբ, այսօր այն կոչվում է բիոսենսինգ։ «Դժվարությամբ կարողացանք ստեղծել աշխատանքային խումբ, սակայն հետագայում այն ընդլայնվեց, և բավական մեծ հաջողությունների հասանք», - նշում է Ալեքսանդր Սիմոնյանը։ Այդ աշխատանքների արդյունքում նրանց հաջողվեց պատրաստել ֆերմենտային անալիզատոր «Multiferm» սարքավորումը, որը մեծ հաջողությամբ մտավ կիրառության մեջ։ Լիզինի գործարանում, ախտահարման հիվանդանոցում ու մի շարք հաստատություններում տեղադրվեց այդ սարքը։ Այն օգտագործվեց նաև Մոսկվայի մի շարք գիտահետազոտական հիմնարկներում, որի միջոցով 20 վայրկյանում որոշվում էր գլյուկոզայի, ամինաթթուների քանակը։ Հատկանշական է, որ «Multiferm»-ը 1989 թ. Մոսկվայի ժողտնտեսության ցուցահանդեսում արժանացավ արծաթե մեդալի։ 1988-1994 թվականներին Ալեքսանդր Սիմոնյանը արդեն գլխավորում էր բիոսենսորների լաբորատորիան։ Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո խախտվեց ամենօրյա կապը, ֆինանսավորումը կենտրոնի հետ, և յուրաքանչյուր երկիր ստիպված էր հոգալ իր խնդիրները՝ ապավինելով սեփական ուժերին։ Արդյունքում մեծ հաջողությամբ շահագործվող լաբորատորիան սկսեց քայքայվել։ 1993-1994 թվականներին Ալեքսանդր Սիմոնյանը հրավիրվեց Իտալիա՝ Ջենովայի համալսարանի բիոֆիզիկայի բաժանմունք։ 1993 թվականին Ալեքսանդր Սիմոնյանը Մոսկվայում մեծ հաջողությամբ պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը՝ «Հոսք-ինեկցիոն անալիզատորներ հիմնված իմոμիլիզացված ֆերմենտների վրա» թեմայով։ 1994 թվականին ԱՄՆՏեխասի համալսարանից աշխատանքի հրավեր ստացավ, որտեղ աշխատեց ութը տարի՝ մինչև 2002 թվականը, այնուհետև՝ 2003 թվականին աշխատանքի հրավեր ստացավ Աուբորնի համալսարանից, որտեղ իր կատարած գիտական աշխատանքների շնորհիվ 2007 թվականին ներկայացվեց պրոֆեսորի կոչման։ Ի դեպ, Միացյալ Նահանգներում պրոֆեսորության հայտ ներկայացրած գիտնականը հինգ տարվա ընթացքում պետք է ապացուցի, որ նա կարող է ունենալ ուսանողներ, այսինքն՝ իր առարկան կընտրեն ուսանողները, պետք է հոդվածներ հրապարակեն առաջատար ամսագրերում և, որ ամենակարևորն է՝ պետք է դրամաշնորհներ բերի համալսարան, որպեսզի ուսանողների կրթության կամ փորձերի համար հատկացումներ արվի։ Նա կարողացավ սենսորների վերաբերյալ ստեղծել լուրջ մթնոլորտ, որի շուրջ իրականացվեց բեղուն աշխատանք, ինչը իր հերթին ապահովեց դրամաշնորհներով և երկարատև աշխատանքային հնարավորությամբ։ 2008 թվականին ԱՄՆ-ի Ազգային գիտության հիմնադրամը աշխատանքի հրավիրեց Ալեքսանդր Սիմոնյանին. սա մեծ պատիվ էր ոչ միայն գիտնականի, այլև այն համալսարանի համար, որը նա ներկայացնում էր։ Չորս տարվա աշխատանքի ընթացքում նա առաջարկեց նոր և հիմնարար ծրագիր, որը դրվեց կիրառության։ Նրա ծրագրի նկատմամբ հավանությունը այնքան մեծ էր, որ Ալեքսանդր Սիմոնյանը Ազգային գիտության հիմնադրամում դարձավ բիոսենսորների ոլորտի հիմնադիր-ղեկավարը։ Այսօր Ալեքսանդր Սիմոնյանի գիտական խումբը, որը մեծ հաջողությամբ գործում է Աուբորնի համալսարանում, տարեկան մոտ 7-8 աշխատանք է հրապարակում. նա միաժամանակ մի շարք գրքերի խմբագիր է և 80-ից ավելի հոդվածների համահեղինակ։ Սիմոնյանը յոթ արտոնագրի հեղինակ է, մասնակցել է 70-ից ավելի գիտական կոնֆերանսների ու հանդես եկել զեկույցներով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Սիմոնյանը իր կատարած փայլուն աշխատանքի համար արժանացել է բազմաթիվ պարգևների. 1982 թվականին և 1988 թվականին արժանացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Լավագույն հետազոտական ծրագիր», 1990 թվականին ԽՍՀՄ մինիստրների խորհրդի, 2006 և 2008 թվականներին Աուբորնի համալսարանի պարգևներին։ 2011 թվականին ստացել է Alumni professor-ի կոչում։ Ալեքսանդր Սիմոնյանը այս տարիների ընթացքում չի դադարեցրել իր համագործակցությունը Հայաստանի գիտական աշխարհի հետ։ Հաշվի առնելով Ալեքսանդր Սիմոնյանի գիտական և մանկավարժական մեծ վաստակը, ինչպես նաև սերտ կապերը մայր հայրենիքի հետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2011 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ։ Ալեքսանդր Սիմոնյանը այսօր ևս մեծ ջանքեր է ներդնում բիոսենսորների զարգացման գործում և սերտորեն համագործակցում Հայաստանի գիտական կաճառի և մասնավորապես մանրէների ավանդադրման կենտրոնի հետ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. Ալեքսանդր Սիմոնյան, ՀՀ ԳԱԱ