Ալեքսանդր Սեյրանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սեյրանյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1947 (77 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունֆիզիկոս
Կայքseyranian.imec.msu.ru

Ալեքսանդր Սեյրանյան (փետրվարի 15, 1947(1947-02-15), Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի նշանավոր գիտնական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1947 թվականի փետրվարի 15-ին Մոսկվայում։ Այդ տարիներին նրա հայրը՝ Պարույր Սեյրանյանը, ուսանում էր Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցությունում Կենտրոնական կոմիտեին կից Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո Պարույր Սեյրանյանը պաշտպանեց գիտական թեզը՝ «Ղարաբաղի միացումը Ռուսաստանին» թեմայով։ 1949 թվականին, վերադառնալով Հայաստան, նա զբաղեցրեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի փոխռեկտորի պաշտոնը, իսկ ապա՝ ռուսական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը։ Ալեքսանդր Սեյրանյանի մանկությունը և պատանեկությունը անցել են Հայաստանում։ Նա սովորել է Երևանի Կիրովի անվան N 12 դպրոցում, որը գերազանցությամբ ավարտել է 1965 թվականին։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին երիտասարդ Սեյրանյանը ճանաչվեց ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի հաղթող և համամիութենական ֆիզիկայի օլիմպիադայի մրցանակակիր։ Ի դեպ, մանուկ հասակից նա հետաքրքրվում էր ավիամոդելիզմով։ 1965 թվականին Սեյրանյանն անհատական հրավեր ստացավ՝ ուսանելու Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում։ Ավարտելով այն, նա աշխատանքի անցավ Ն.Ե. Ժուկովսկու անվան աերոդինամիկայի կենտրոնական ինստիտուտում, որպես հետազոտող-ճարտարագետ։ 1973 թվականին Ալեքսանդր Սեյրանյանն ընդունվեց ԽՍՀ գիտությունների ակադեմիայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտ և (հետագայում ակադեմիկոս) Չեռնաուսկոյի գիտական ղեկավարությամբ ավարտեց ու 1977 թվականին պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը՝ «Задачи оптимизации конструкций при наличии нескольких ограничений» թեմայով։ 1976 թվականից մինչ 1991 թվականը նա աշխատել է մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտում։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-1992 թվականներին Ալեքսանդր Սեյրանյանն աշխատել է դանիական տեխնիկական համալսարանում՝ հրավիրյալ դասախոսի կարգավիճակով։ 1993 թվականից Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտում առաջատար գիտաշխատող է։ Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտում շուրջ 15 տարի Ալեքսանդր Սեյրանյանը կարդում է հատուկ դասընթաց «Устойчивость и катастрофы в механических системах» թեմայով։ Նա նույն դասընթացը կարդացել է այնպիսի առաջատար համալասարաններում, ինչպիսիք են՝ դանիական տեխնիկական համալսարանը և Օլբորգսի համալսարանը (Դանիա), Դալյանի տեխնոլոգիական համալսարանը (Կորեա), Հռոմի և Ակվիլ քաղաքի համալսարանները (Իտալիա), Ռիո դե Ժանեյրոյի տեսական և կիրառական մաթեմատիկայի ինստիտուտը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյրանյանը 150 գիտական աշխատանքների հեղինակ է (որից 5-ը՝ մենագրություն) և մեծ ներդրում ունի կայունության և կատաստրոֆաների (աղետների) տեսության զարգացման մեջ։ Արժեքավոր են նրա «Կառուցվածքային կայունության ժամանակակից հիմնահարցերը», «Բազմաչափ կայունության տեսությունը մեխանիկայում ունեցած կիրառությամբ» գիտական աշխատությունները; Նրա գիտական մի շարք ուսումնասիրություններ արժանացել են համաշխարհային ճանաչման։ Սեյրանյանը մի շարք գիտական ամսագրերի գրախոս է՝ «Կիրառական մեխանիկա», «Մեխանիկայի եվրոպական հանդես», «Կառուցվածքային և բազմաճյուղային նպատակահարմարեցում», «Կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի հանդես»։ Նրա կենսագրական տվյալներն ընդգրկված են «Ով ով է աշխարհում», նաև «Ով ով է գիտության և ճարտարագիտության մեջ», ինչպես նաև «Նշանավոր հայերը» հանրագիտարանում։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Ալեքսանդր Սեյրանյանը ընտրվել է Նյու Յորքի ակադեմիայի անդամ, 1994 թվականին նշանակվել է Դալյանի տեխնոլոգիական համալսարանի ազգային լաբորատորիայի պատվավոր խորհրդական, իսկ 1995 թվականին՝ կոնստրուկցիաների օպտիմալ նախագծման միջազգային ընկերության հիմնադիր անդամ։ 1998 թվականին ընդգրկվեց «Տեսական և կիրառական մեխանիկա» (Հարավսլավիա), 2004 թվականին՝ «Կառուցվածքային բազմաճյուղային նպատակահարմարեցման հանդես» միջազգային ամսագրի խմբագրական խորհրդի կազմում, իսկ 2009 թվականին Հայաստանում տպագրվող «Մեխանիկա» ամսագրի խմբագրական խորհրդում։ 1995 թվականին Սեյրանյանն Ամերիկյանն գիտական ֆոնդի և ՆԱՏՕ-ի համատեղ դրամաշնորհի շրջանակներում դասախոսությունների շարք կարդաց ու գիտական հետազոտություններ իրականացրեց ամերիկյան գիտնականների հետ Ռ. Կուրանտի անվան մաթեմատիկական ինստիտուտում (Նյու Յորքի համալսարան), Միչիգանի համալսարանում, Հյուսթոնի Ռաիս համալսարանում, Մերիլենդ և Յուտա նահանգների համալսարաններում։ 2001 թվականից Սեյրանյանը Իտալիայի մեխանիկայի միջազգային կենտրոն համարվող Ուդինե քաղաքում կազմակերպեց կայունության տեսություն ժամանակակից ձեռքբերումների մասին դասընթաց։ 2002 թվականին նա ստացավ «Էլսևիեր» հրատարակչության մրցանակ՝ լավագույն աշխատանքի համար։ Սեյրանյանը միջազգային դրամաշնորհների շրջանակներում հետազոտություններ է կատարել Ճապոնիայում (2005 թվական) և Կորեայում (2007 թվական)։ Սեյրանյանը դասախոսությունների շարք է ունեցել Գերմանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հոլանդիայում, Բրազիլիայում։

Հայաստանի Հանրապետության գիտություների ազգային ակադեմիան բարձր գնահատելով Ալեքսանդր Սեյրանյանի ներդրումը մեխանիկայի ոլորտում և արդյունավետ համագործակցությունը Հայաստանի գիտական շրջանակների հետ, 2008 թվականին նրան ընտրեց ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Ալեքսանդր Սեյրանյանը 2009 թվականին այցելել է Հայաստան, մասնակցել Գիտությունների Ազգային Ակադեմիայի ընդհանրուր ժողովին և հանդես եկել զեկույցով։ Ալեքսանդր Սեյրանյանն այսօր էլ շարունակում է համագործակցել ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի համապատասխան ինստիտուտների հետ, փոխանցում իր փորձն ու հմտությունները, հանդես գալիս ուշագրավ զեկույցներով։

2010 թվականին Ալեքսանդր Սեյրանյանը ընտրվել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]