Ալեքսանդր Բուտլերով
| Ալեքսանդր Բուտլերով | |
|---|---|
(քիմիկոս) |
|
| ԱԱՀ՝ | Ալեքսանդր Բուտլերով Միխայլովիչ |
| Ծննդյան օր՝ | սեպտեմբերի 15, 1828 |
| Ծննդավայր՝ | Չիստոպոլ (Թաթարստան) |
| Վախճանի օր՝ | օգոստոսի 17, 1886 |
| Վախճանի վայր՝ | Բուտլերովկա |
Ալեքսանդր Բուտլերով (ռուս.` Алекса́ндр Миха́йлович Бу́тлеров, ծնվ. 1828թ. սեպտեմբերի 15, Չիստոպոլ, Թաթարստան - մահ. 1886թ. օգոստոսի 17, Բուտլերովկա, Թաթարստանի Ալեքսեևյան շրջան), ռուս քիմիկոս։
Ալեքսանդր Բուտլերովը տվել է օրգանական նյութերի կառուցվածքի տեսությունը, առաջինը բացատրել իզոմերիայի երևույթը, հիմնադրել ռուսական քիմիական դպրոցը։ 1849թ. ավարտել է Կազանի համալսարանը։ Աշխատել է Փարիզում՝ ֆրանսիացի քիմիկոս Շառլ Վյուրցի քիմիական աշխատանոցում։ Սինթեզել է ուրոտրոպինը և ֆորմալդեհիդի պոլիմերը, որից հետագայում ստացել են առաջին արհեստական շաքարանման նյութը։ 1861թ. «Նյութերի քիմիական կառուցվածքի մասին» զեկուցման մեջ շարադրել, իսկ 1871թ. վերջնականապես ձևակերպել է օրգանական միացությունների կառուցվածքի տեսության իր կանխադրույթները։ Ըստ այդ տեսության՝ օրգանական նյութերի հատկությունները պայմանավորված են մոլեկուլներում ատոմների հաջորդականության կարգով և նրանց փոխազդեցության բնույթով։ Բուտլերովի կանխադրույթներից բխում էին օրգանական նյութերի քիմիական կառույցի դասական տեսության մյուս բոլոր դրույթները։ Նա տվեց նաև քիմիական կառուցվածքի որոշման եղանակն ու ձևակերպեց դրա իրականացման կանոնը։
Բուտլերովն առաջինն է կատարել պոլիմերման շարժընթացի համակարգված ուսումնասիրություններ, որոնց արդյունքների հիման վրա հետագայում մշակվել է սինթետիկ կաուչուկի ստացման արդյունաբերական եղանակ։
Իզոմերիան նույն բաղադրությամբ և մոլեկուլային միևնույն զանգվածով տարբեր նյութերի գոյության երևույթն է, որոնք միմիանցից տարբերվում են և՛ կառուցվածքով (խմբերի տարածական դասավորությամբ), և՛ ֆիզիկական ու քիմիական հատկություններով ։
Աղբյուրներ [խմբագրել]
- Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան, 2008, էջ 195։