Ալելային գեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միևնույն տեսակին պատկանող բոլոր օրգանիզմներում յուրաքանչյուր որոշակի գեն գտնվում է խիստ որոշակի քրոմոսոմի միևնույն տեղում` լոկուսում: Ընդ որում, քրոմոսոմների հապլիդ հավաքում առկա է տվյալ հատկանիշը պայմանավորող միայն մեկ գեն: Այդպես է էուկարիոտ օրգանիզմների սեռական բջիջներում, ինչպես նաև ԴՆԹ-ի մեկ մոլեկուլ ունեցող պրոկարիոտ օրգանիզմներում: Էուկարիոտների մարմնական(սոմատիկ) բջիջներում առկա է քրոմոսոմների դեպլոիդ հավաքը, և, հետևաբար տվյալ հատկանիշը պայմանավորող երկու գեն: Դրանք գտնվում են հոմոլոգ քրոմոսոմների միևնույն լոկուսներում և կոչվում են ալելային գեներ կամ ալելներ : Որպես կանոն , ալելային գեներն ունենում են նուկլեոտիդների միևնույն հաջորդականությունը` պայմանավորելով տվյալ հատկանիշի նույնատիպ դրսևորումը: Սակայն հաճախ ալելներից մեկում(կամ երկուսում էլ) հնարավոր մուտացիաների արդյունքում կարող են տեղի ունենալ նուկլեոտիդների փոխարինումներ, որոնք կբերեն հաջորդականության փոփոխությունների: Այդ դեպքում տվյալ գենով պայմանավորված հատկանիշն էլ կարող է որոշ չափով փոփոխության ենթարկվել: Միևնույն գենը կարող է բազմակի անգամ նմանատիպ մուտացիայի ենթարկվել, և արդյունքում կառաջանան մի քանի ալելային գեներ: