Ալբինոնիի Ադաջիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալբինոնիի Ադաջիո (Ադաջիո սոլ մինոր), Ռեմո Ջիազոտտոյի ստեղծագործությունն է, որը առաջին անգամ հրապարակվել է 1958 թվականին։

Ջիազոտտոյի պնդմամբ պիեսը իրենից ներկայացնում է Թոմազո Ալբինոնիի երաժշտության մի հատվածի վրա հիմնված ստեղծագործություն։ Իսկ Ալբինոնիի ստեղծագործությունը նա գտել է Դրեզդեն քաղաքում գտնվող Սաքսոնիայի գրադարանի ավերակների վրայից (գրադարանը ավերակների էր վերածվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, դաշնակիցների ավիացիայի ռմբակոծման արդյունքում)։ Ռեմո Ջիազոտտոն Ալբինոնիի մասին առաջին գիտական կենսագրությունը հրապարակել է 1945 թվականին։ Գտնված ստեղծագործության հատվածը, համաձայն հրապարակված կենսագրական գրքի ներածության, պարունակում էր բասային պարտիա և երկու հատված առաջին ջութակի պարտիայից, 6 տակտ ընդհանուր տևողությամբ։

Պիեսի առաջին հրատարակումը վերնագրված էր հետևյալ կերպ. «Ռեմո Ջիազոտտո, Ադաջիո սոլ մինոր լարայինների և երգեհոնի համար, Թոմազո Ալբինոնիի թեմայի երկու հատվածների և թվայնացված բասի հիման վրա» (իտալ.՝ Remo Giazotto: adagio in sol minore per archi e organo su due spunti tematici e su un basso numerato di Tomaso Albinoni

Գրաքննադատների տեսանկյունից, այս պիեսը բարոկկո ոճից և մասնավորապես Ալբինոնիի ոճից տարբերվում է։ 1998 թվականին հայտնի երաժշտագետ և Լյուներբուրգյան համալսարանի պրոֆեսոր Վուլֆ Դիտեր Լուգերտը Ֆոլկ Շյուտցի հետ համահեղինակել է մի հոդված, որը հրապարակվել է «Praxis des Musikunterrichts» ամսագրում։ Հոդվածում քննարկվել է «Ադաջիո»-ի հեղինակման հարցերը և մասնավորապես Սաքսոնիայի գրադարանում նրանց պնդմամբ չկա և երբեք չի հայտնաբերվել Ալբինոնիի նմանատիպ ստեղծագործություն, այսինքն տվյալ պիեսը Ջիազոտտոյի միստիֆիկացիայի արդյունք է[1]։

«Ադաջիո» ստեղծագործությունը համարվում է 20-րդ դարի երկրորդ կեսի ամենատարածված երաժշտական կատարումներից մեկը։

2000 թվականին ռուս անիմատոր Գարրի Բարդինի ղեկավարությամբ ստեղծվեց «Ադաջիո» մուլտֆիլմը, որի տևողությունը 10 րոպե է և ամբողջ մուլտֆիլմի ընթացքում հնչում է Ադաջիո երաժշտությունը (Լյուբլյանա քաղաքի Ռադիո սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, 1979 թվականի ձայնագրություն)[2][3]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որքան էլ որ Թոմազո Ալբինիոնին վայելում էր մեծ համբավ ու հանրաճանաչություն կենդանության օրոք, մահից հետո նրա անունը շատ արագ մոռացության մատնվեց՝ կրկնելով Անտոնիո Վիվալդիի և Յոհան Սեբաստիան Բախի ճակատագիրը։ Բայց եթե վերջիններիս ստեղծագործությունները հայտնաբերվեցին ու հրապարակվեցին 19-րդ դարում, ապա Ալբինիոնիի անունը երկար ժամանակ հայտնի էր միայն երաժշտագետների նեղ շրջանակին և հին շրջանի երաժշտության սիրահարներին։ Այսպես շարունակվեց մինչև 20-րդ դարի կեսը, ինչպես տեսանք։

Դժվար է տալ այս ստեղծագործության բնութագիրը, քանի որ նրա մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Ջիազոտտոն ենթադրում է, որ սա երեք մասից բաղկացած սոնատի դանդաղ հատվածն է։ Ապա նրան թվում է, որ սա եկեղեցական ստեղծագործություն է, ուստի նրանում պետք է հնչի նաև երգեհոն։ Եվ հենց այդպես էլ «Ադաջիո»-ն առաջին անգամ ի հայտ եկավ՝ ստեղծագործություն երգեհնի և լարային նվագարանների համար։

«Ադաջիո»-յին բնորոշ սգերգի երանգի պատճառով այս ստեղծագործությունը հաճախ հնչում է թաղման արարողությունների ժամանակ։ Բայց իրականում սա բնավ էլ կորստի և հուսահատության մասին երաժշտություն չէ, այլ անսահման մեծ և աներեր սիրո, որը տածել է կոմպոզիտորի երկրպագու Ռեմո Ջիազոտտոն՝ զոհաբերելով իր հեղինակությունը, հրաժարվելով փառքից ու պատվից։ Եվ այդ զոհաբերությունը լսվում է «Ադաջիո»-յի ամեն մի հնչյունի մեջ։ Չի կարելի ասել, թե Ջիազոտտոն մշակել կամ վերականգնել է Ալբինիոնիի ստեղծագործությունը։ Նրա աշխատանքին ավելի համապատասխանում է «ստեղծագործել» արտահայտությունը։ Կարծես ճակատագրի հեգնանք լիներ, որ հենց այս ստեղծագործության հայտնաբերմամբ 20-րդ դարի կեսերին վերածնվեց Ալբինիոնիի փառքը՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Ներկայում այն շատ հանրածանոթ ստեղծագործություն է, որի մեղեդու հիման վրա նույնիսկ գրվել են երգեր՝ տարբեր լեզուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wulf Dieter Lugert und Volker Schütz. Adagio à la Albinoni. // Praxis des Musikunterrichts, No.53 (Februar 1998). — S. 13-22.
  2. Գարրի Բարդինի պաշտոնական կայքը
  3. Մուլտֆիլմը youtube կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]