Ալբեր Մարքե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարքե (Marquet) Ալբեր (1875-1947), ֆրանսիացի նկարիչ։ Ֆրանսիական կոմկուսի անդամ (1939-1945թվականների երկրորդ համաշխարհային պատերազմից հետո)։ 1895-1898թվականներին սովորել է Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցում, Գ. Մորոյի մոտ։

1905-1907թվականներին հարել է ֆովիզմին, ստեղծել կենսահաստատ, սակայն առավել զուսպ բնանկարներ («Հուլիսի 14-ին՝ Հավրում», մասնավոր հավաքածու, Փարիզ) և դիմանկարներ։ 1907թվականից հետո Մարքեյի աշխատանքներին բնորոշ են լակոնիկ գծանկարը, հորինվածքի պարզ կառուցվածքը, մեղմ ու գորշավուն գուներանգների նուրբ հարաբերումները («Սեն-Միշել կամուրջը Փարիզում», 1912, Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Մարքեն ձգտել է բնության տևական ու հանգիստ վիճակների, լուսա-օդային միջավայրի վերարտադրմանը, լայնարձակ տարածականության ստեղծմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png