Ալաշկերտի օպերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալաշկերտի 1915 թ. օպերացիայի սխեման

Ալաշկերտի օպերացիա՝ 1915 թ. ռուսական բանակի պաշտպանողական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (հուլիս-օգոստոս)։

1915-ի գարնանը գերմանա-թուրքական հրամանատարությունը փորձում էր ռազմական ճնշման միջոցով Պարսկաստանն ու Աֆղանստանը ներգրավել Ռուսաստանի դեմ պատերազմում։ Թշնամու ծրագիրը ձախողելու նպատակով ռուսական Կովկասյան բանակի 4-րդ կորպուսը (հրամանատար՝ գեներալ Օգանովսկի) անցավ հարձակման և հաղթական կռիվներով թուրքական զորքերին դուրս մղեց Պարսկաստանի հյուսիս-արևմտյան շրջաններից, Վանա լճի և Արածանու ավազաններից։ Այդ գործողություններին մասնակցում էր հայ կամավորների Արարատյան ջոկատը՝ Վարդանի հրամանատարությամբ։

Հուլիսի 8-ին 4-րդ կորպուսի զորամասերը հասան Մերգեմերի լեռնանցքԿոպԼիզՉուխուր-ՆորշենԿոտոմՇատախ գիծը՝ պատրաստվելու արշավել Մուշ և Բիթլիս (Բաղեշ)։ Ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով թուրքական 3-րդ բանակի հարվածային զորախումբը (89 գումարտակ, 48 հեծելավաշտ և հարյուրյակ, 6000-անոց քրդական անկանոն զորախումբ) Աբդուլ Քերիմ փաշայի հրամանատարությամբ հուլիսի 9-ին անցավ հակահարձակման՝ ԿոպՄանազկերտԱլաշկերտ ուղղությամբ։ 4-րդ կորպուսը նահանջեց դեպի Հայկական Պարի հարավային փեշերը։ Հայ բնակչությունը տեղահան եղավ։

Կովկասյան բանակի հրամանատարությունը պահեստային ուժերից կազմեց հատուկ հարվածային զորախումբ (24 գումարտակ, 1 աշխարհազորային խումբ, 31 հարյուրյակ և հրետանի), որը հուլիսի 22-ին գեներալ Ն.Ն. Բարաթովի հրամանատարությամբ Դահար գյուղի մոտից հարձակվեց Աբդուլ Քերիմ փաշայի զորախմբի ձախ թևին ու թիկունքին։ Հուլիսի 23-ին զորախումբը 4-րդ կորպուսի նահանջած զորամասերի հետ միասին անցավ հակահարձակման և, Ալաշկերտի հովիտը թուրքերից մաքրելով, օգոստոսի սկզբին գլխավոր ուժերով ամրացավ Մերգեմերի լեռնանցքԲուրնուԲուլախԱրճեշ գծին։

Ալաշկերտի օպերացիայի ժամանակ թուրքերի կորուստը կազմեց ավելի քան 7000 սպանված և 400 գերի։ Ալաշկերտի օպերացիան հեշտացրեց ռուսական բանակի հետագա գործողությունները, մասնավորապես՝ Էրզրումի գրավումը։ Ձախողվեցին գերմանա-թուրքական հրամանատարության՝ ռուսական Կովկասյան բանակի հիմնական խմբավորման թիկունքը դուրս գալու, ինչպես նաև Պարսկաստանի ու Աֆղանստանի վրա ճնշում գործադրելու ծրագրերը։

Գրականություն[խմբագրել]

  • Корсун Н.Г., Алашкертская и Хамаданская операции на Кавказском фронте мировой войны в 1915 г., М., 1940
  • Лушдувейт Е.Ф., Турция в годы первой моровой войны 1914-1918 гг., М., 1966
  • Арутюнян А.О., О причинах отступления русской армии из Алашкертской долины и Банского вилайета (июль 1915 г.), “ԲԵՀ”, 1968, No. 2 (5)


Օգտագործված աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հ.1, էջ 137-138

Ծանոթագրություններ և նշումներ