Ազնաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազնաբերդ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ազնաբերդ
ադրբ.՝ Çalxanqala
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանՔենգերլիի շրջան
Բնակչություն1670 մարդ (1971)[1]
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Ազնաբերդ (Ադրբեջան)##
Ազնաբերդ (Ադրբեջան)

Ազնաբերդ[2](այժմ կոչվում է՝ Չալխանկալա, ադրբ.՝ Calxanqala), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Քենգերլիի շրջանում։ Ազնաբերդ անունը ստուգաբանվում է հին հայերենի (գրաբարի) ազն (տոհմ, սերունդ, ցեղ, ազգ) և բերդ արմատներով (բառացի՝ «Ազգի բերդ»), իսկ վերջերս ադրբեջանցիների կողմից հորինված Չալխանկալա'ն' ոչ այլ ինչ է, քան գյուղի տարածքում գտնվող հնագույն հայկական Ճահուկ կամ Ճահկա բերդի անունը, գումարած արաբապարսկական կալա (բերդ) արմատը։

Ազնաբերդը (բարբառով՝ Ըզնաբերդ, սխալ գրությամբ՝ Զնաբերդ, օտար անվանմամբ՝  Ազնաբյուրդ) տեղադրված էր Վայքի լեռնաշղթայի հարավային ստորոտին, պատմական Վասպուրական աշխարհի Նախճավան գավառի հյուսիսային մասում՝ Նախիջևան քաղաքից 35 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Գյուղի տարածքը գտնվում էր պատմական Վասպուրական, Սյունիք, Այրարատ աշխարհների մի յուրօրինակ հանգույցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազնաբերդցիներն ավանդաբար զբաղվում էին այգեգործությամբ, խաղողա­գոր­ծությամբ, անասնապահությամբ, հացահատիկի մշակմամբ, ծխախոտագոր­ծու­թյամբ, մեղվաբուծությամբ, շերամապահությամբ և տարբեր արհեստներով։ Գյուղն ուներ գինեգործական կոմբինատ, գործում էին միջնակարգ դպրոցը, հիվանդանոցը, ակումբը, գրադարանը, մանկապարտեզը։

Ազնաբերդի դպրոցը հիմնադրվել է 1903 թվականի սեպտեմբերի 23-ին։ Սկզբնական շրջանում գործելով որպես տարրական դպրոց՝ հետագա տարիներին դարձել է միջնակարգ կրթության ծաղկուն մի օջախ (աշակերտների թիվը հասնում էր 500-700-ի, ուսուցիչներինը՝ 25-30-ի), որի շրջանավարտներից շատերը, հետագայում ստանալով բարձրագույն կրթություն, գիտության, կրթության, պաշտպանության, սպորտի, առողջա­պահության և այլ ոլորտների բարձրորակ մասնագետներ էին դառնում։ Նրանց թվում են եղել Հայրենական մեծ պատերազմում զոհված բանաստեղծ Թևան Խաչյանը և լեգենդար սպա Աբիսակ Բալասանյանը, պատմական գիտությունների դոկտոր Ռաֆայել Մանուկյանը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժորա Ամիրջանյանը, երկրաբանական գիտությունների դոկտորներ Վանիկ և Էդուարդ Բարսեղյանները, բժշկական գիտությունների դոկտոր Ռոլանդ Մեհրաբյանը, Հայաստանի և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Ռաֆայել Մեհրաբյանը, գրող, թարգմանիչ Արտակ Վարդանյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ, թառահար Ռաֆայել Վարդանյանը և այլք։ Արմատներով ազնաբերդցիներ են նաև հայկական ֆուտբոլի աստղ Արկադի Անդրեասյանը, վաղամեռիկ շնորհաշատ երգչուհի Վարդուհի Վարդանյանը։

Գյուղանվան մեզ հայտնի ամենահին հիշատակության մասին տեղեկություն է տալիս Ղևոնդ Ալիշանը իր նշանավոր «Սիսական» աշխատության մեջ։ Այդ վավերագիրը քաղված է Իտալիայի Ջենովա քաղաքի Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցու բակում գտնվող՝ ազնաբերդցի մի վաճառականի՝ Անանիայի որդի Հայրապետի 1697-ին թվագրվող տապանաքարից։ Ալիշանը միաժամանակ նշում է, որ թեև հնագույն սկզբնաղբյուրներում հիշատակված չէ Ազնաբերդի անունը, այնուամենայնիվ գյուղը հայկական շատ հին բնակավայր է.

[Խոքի] Արևելակողմն վիճակին է ձոր երկայնեալ ի Հիւսիսէ ընդ Հարաւ գետակն զոր ի դէպ է կոչել Ազնաբերդ՝ ոչ ժամանեալ յԵրասխ՝ սպառի ընդ երկրաւ. յորոյ գլուխս կայ փոքրիկ և նոր գիւղն Գարաղուշ, կիսով փարսախաւ ի Հարաւ Մ. Լիզբերդի։ Նոյնչափ հեռի է յիւրմէն Ազնաբերդ, Ազնապիւրտ կոչեցեալ յայլազգեաց, ի կիցս երկուց վտակաց գետակին. անունն և աւերակք շինից կամ փոքրիկ գիւղից՝  ի Հարաւ կուսէ նորին, յայտ առնեն զի նշանաւոր բերդ և աւան եղեալ է ի հնումն, թէպէտ և ոչ ի հին ցուցակին և ոչ առ պատմիչս գտանեմք զդա յիշատակեալ. բայց անակնկալ իմն հանդիպմամբ գտանի յիշատակարան մի դամբանական ի տար աշխարհի, ի Գենուա (Ճենովա) քաղաքի Իտալիոյ, որ ընդ անուան գեղջն՝ ցուցանէ ևս զայն Գողթան գաւառի պատշաճեալ յþԺԷ դարու. և է այս արձան սղալագիր, ի Ս. Բարդուղիմէ եկեղեցւոջ Հայոց, յամի 1687, Հայրապետի ուրումն.

Այս է տապան Հայրապետին՝

Որ է որդի Անանիային.

Սա յերկրէն է Գոխտան տանին,

և ի գեղջէն Ըզնայբերթին.

Վախճանեցաւ Հայոց թվին

Հազար հարիւր էրէսուն իւ վեցին,

և ապրէլի քսան և յնգին։

Ով յանդիպի այս տապանին՝

Հայր մեր յերկինըս շնորհին

Վասն սիրուն Քրիստոսին։

Բնակիչք Ազնաբերդի բնիկ Հայք են և ոչ գաղթականք, (տունք 43 առ Շոբենիւ և ոգիք 224), ընդ որս և 10 տուն մահմետականաց[3]։ (Ղևոնդ Ալիշան)'

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանավոր պատմաբան-աշխարհագրագետի կարծիքն էին հաստատում Ազնաբերդի տարածքում պահպանված պատմական հուշարձանները։ Դրանք IX-XIII դարերին և ավելի վաղ շրջանների՝ ընդհուպ մինչև մ.թ.ա. 2-3-րդ հազարամյակներին են վերաբերում։ Այս փաստերը վկայում են, որ Ազնաբերդի տարածքում տարբեր ժամանակների հայկական բնակավայրեր են եղել, սակայն դրանք, հնարավոր է, կրել են նաև այլ անվանումներ։

Ազնաբերդի պահպանված պատմաճարտարապետական հուշարձաններից կանգուն էին Սուրբ Գրիգոր եկեղեցին (Ժամ), Սուրբ Հովհաննես (Սռվանես) և Սուրբ Հակոբ (Սրգագոփ) մատուռները, իսկ Սուրբ Թովմա Առաքյալի վանքը (Վանք, Թոփառաքել) և Սուրբ Հռիփսիմե մատուռը ավերված էին։ Կային նաև մի քանի հնավայրեր և գյուղատեղիներ, երկու գերեզմանատներ, բրոնզի դարի չորս բերդեր, որոնցից ամենամեծն ու նշանավորը Ճահուկ (Չալխանի) բերդն էր՝ Ճահուկ (Քամարավոր) լեռան վրա։ Սուրբ Գրիգոր եկեղուցում պահպանվել էին Հարություն և Հակոբ Հովնաթանյանների որմնանկարներից (XVII դարի կեսեր), որոնք ստեղծվել էին այն ժամանակ, երբ Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթից (1604 թ.) տասնամյակներ անց գյուղը կրկին վերականգնվել էր։ Տարածքում կային նաև վաղ շրջանի (IX-X դարերի) խաչքարեր։ Այսօր, ցավոք, Նախիջևանի տարածքի մյուս հուշարձանների ճակատագրին են արժանացել նաև այս բոլոր հուշարձանները։

Ազնաբերդի պատմական հուշարձանների տարածքում պահպանվել էին նաև վիմագիր և որմնագիր արձանագրություններ։ Դրանք հիմնականում Ս. Գրիգոր եկեղեցու, մա­տուռների տարածքներում, որմերում և որմնախորշերում տեղադրված խաչքարերի, տապանաքարերի վիմագրություններն են, ինչպես նաև եկեղեցու որմնանկարների մակագրությունները։ Արժանահիշատակ է, որ Ս. Հով­հաննես մատուռի մուտքի կամարի վրա պահպանվել էր նաև մատուռի (ըստ ար­ձանագրության՝ եկեղեցու) շինարարության մասին արձանագրություն (1651)։ Որոշ վիմագրերում պահպանվել էին Ազնաբերդի խոսվածքի հետքերը (Ըռըստակէս, Ավուն(իս), (Ա)միր(ի)ճան, Ըզնաբերդ, քվօրն, անօրն, ուս­տայ)։

Ազնաբերդի ողջ պատմության ընթացքում, ինչպես Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում, նրա վիմագիր արձանագրությունները անխնա ոչնչացվել են, իսկ խորհրդային իշխանության առաջին տարիներին գյուղի նոր դպրոցը կառուցվել է Արևմտյան գերեզմանատանը պահպանված քաղկեդոնական (հունադավան) հա­յերի հունատառ արձանագրություններ ունեցող տապանաքարերով։

Ազնաբերդը Վայոց ձորի և հյուսիսային Նախիջևանի (պատմական Ճահուկ-Շահապունիք գավառ և Նախճավան գավառի հյուսիսային մաս) մյուս տեղաբնիկ գյուղերի հետ գտնվում էր պատմաազգագրական միևնույն շրջանում։

Թեև տարածքի հայ բնակչության գերակշիռ մասը խոսում է Խոյի բարբառով, սակայն Վարդենիսի և Զանգեզուրի լեռնաշղթաների միջև ընկած լեռնային այս տիրույթում դարերի ասպատակումներից և բռնագաղթերից, մասնավորապես 1604 թվականի շահաբասյան բռնագաղթից, մասամբ պաշտպանվելով, գոյատևել են նաև  տեղական հինավուրց բարբառով խոսող բնակավայրեր (Վայոց ձորի մարզի Աղավնաձոր, Արենի, Արփի, Գնդեվազ, Գնիշիկ, Խաչիկ, Կեչուտ, Չիվա, Ռինդ, ՀորսՎերին Ազնաբերդ, մասամբ՝  Եղեգիս, Զեդեա, և Արարատի մարզի Եղեգնավան գյուղերը, մինչև 1988-ը՝ նաև Նախիջևանի Ազնաբերդ և Օծոփ գյուղերը), որոնց բնակիչներն իրենց անվանում են «հին հայեր»՝ ի տարբերություն տարածքում Խոյ-Սալմաստից վերաբնակվածների շառավիղների՝ «թազա հայերի»։

Ըստ ավանդական միահատկանիշ դասակարգման՝ այս խոսվածքը պատկանում է հայ բարբառների արևելյան խմբակցության «ում» ճյուղին և ունի պայթական բաղաձայնների երկաստիճան ձայնեղազուրկ համակարգ, իսկ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի մշակած բազմահատկանիշ վիճակագրական սկզբունքների կիրառմամբ՝ միջակա դիրք է գրավում Արարատյան, Արցախի և Ջուղայի բարբառների միջև և գիտական գրականության մեջ անվանվել է Վայոց ձորի միջբարբառ։

Ազնաբերդցիներն ավանդապահ էին և նախնյաց սովորույթների հանդեպ խիստ հարգալից վերաբերմունք ունեին։ Թեև խորհրդային շրջանում հավատքը պահպանվում էր  հիմնականում կանանց շրջանում, ազգային-հոգևոր կարևոր տոներն ու ծիսակատարությունները, այնուամենայնիվ,  մեծ խանդավառությամբ և բազմամարդ հավաքույթներով էին նշվում։ Ժողովրդական տոնացույցի սիրված տոներն էին Սուրբ Ծնունդը, Նոր տարին, Սուրբ Սարգիսը, Տյառնընդառաջը, Ծառզարդարը, Զատիկը, Համբարձումը, Վարդավառը, Սուրբ Աստվածածինը, Խաչվերացը, Գյուտ խաչը, ինչպես նաև Աշխատավորների միջազգային օրը և Հաղթանակի օրը։

Տոները նշվում էին ծիսական հնամյա ուտեստներով և Ազնաբերդի հայտնի կարմիր գինով։ Թեև վաղուց չէր գործում եկեղեցին՝ ավանդաբար գոյատևում էին նաև հարսանեկան, հուղարկավորության, կնունքի և կենցաղային մյուս ծեսերը։

Ամենամեծ ժողովրդականություն վայելող տոնը Խաչվերացն էր՝ նախնիների հիշատակի օրը, որ բարբառով Խրով էր կոչվում տոնի ծիսական գլխավոր ուտեստի՝ թոնրի մեջ ամբողջական խորոված՝ զոհաբերված  ուլի անունով։

Հատկապես մեծ հանդիսավորությամբ և ավանդական բազմամարդ ուխտագնացությամբ էր նշվում Հայ առաքելական եկեղեցու Գյուտ խաչի տոնը։ Ուխտագնացները տոնի օրը՝ հոկտեմբերի 26-ի մոտակա կիրակին անցկացնում էին պատմական Շահապոնք գավառի Շամեն գյուղատեղիում գտնվող Ս. Խաչ վանքում (Օծոփ գյուղի մերձակայքում)։ Զորավոր այդ սրբավայրը բազմաթիվ մաշկային հիվանդություններ բուժելու պատճառով կրում էր նաև Քամո (բարբառով՝ «քամու») խաչ անունը։ Շաբաթ՝ լույս կիրակի գիշերը կամ լուսադեմին ուխտավայր էին հասնում ոչ միայն հյուսիսային Նախիջևանի, սահմանակից Վայոց ձորի և  Սյունիքի հավատացյալ հայությունը, այլև մեծաթիվ քրդեր ու ադրբեջանցիներ։ Ուխտավորները լուսադեմին զոհաբերություն-մատաղ էին մատուցում, ապա մոմավառությունից և աղոթքներից հետո երգում, ժողովրդական նվագարանների մեղեդիների տակ պարում էին մինչև ուշ երեկո։

 Գյուտ խաչի տոնակատարությունները Հայաստանում ավանդաբար նշվել են մեծ հանդիսություններով և ուխտագնացություններով՝ մանավանդ դեպի այն վանքերն ու տաճարները, որոնք կրել են «Սուրբ Խաչ» անունը։ Շամենի Ս. Խաչ վանքն էլ նման մի ուխտավայր էր, ուր պահպանվում էին հոգևոր այս տոնի խորհուրդները։

1918-20թթ., թեև գյուղի բնակչությունը երկու անգամ գաղթել է, այնուամենայնիվ Ազնաբերդի ինքնապաշտպանության կազմակերպված ջոկատները օրեր շարունակ դիմադրել են թուրքական հրոսակներին՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելով անխնա կոտորածից և թալանից։

1988թ. ողջ ամռանն ու աշնանը, գյուղի երիտասարդներից կազմված ինքնապաշտպանության ջոկատները կրկին գիշեր-ցերեկ հսկում էին տարածքը։ Իսկ  նոյեմբերի 22-ի մայրամուտին, երբ մերձակա ադրբեջանական գյուղերից հավաքված զինված ելուզակները հայտնվեցին գյուղի մատույցներում, արժանի հակահարված ստացան. սպանվեց 3 և վիրավորվեց 7 ադրբեջանցի։

Հայաստանից սպասվող կազմակերպված օգնության բացակայությունը, խորհրդային բանակի ադրբեջանամետ կեցվածքը, ինչպես նաև մայր Հայաստանին հասած անսպասելի մեծ արհավիրքը հուսալքեցին ազնաբերդցիներին։ 1988-ի դեկտեմբերին նրանք թողեցին հայրենի եզերքը՝  երբևէ այնտեղ վերադառնալու անմար հույսը սրտներում...

Տեղահանությունից հետո ազնաբերդցիներն ամբողջությամբ բնակեցրին իրենց բնօրրանից ոչ հեռու գտնվող Վայոց ձորի Գյուլստան (Վերին Ազնաբերդ), մասամբ՝ նույն մարզի Զեյթա (Զեդեա), Ալայազ (Եղեգիս) և Արարատի Շիդլու (Եղեգնավան) նախկինում ադրբեջանաբնակ գյուղերը, փոքրաթիվ խմբերով հաստատվեցին նաև հիշյալ մարզերի և Կոտայքի որոշ բնակավայրերում, ինչպես նաև Երևանում[4]։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արգամ Այվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  3. Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, Ս. Ղազար, 1893, էջ 505]
  4. «Արտակ Վարդանյան, Ազնաբերդ. նախիջևանահայության վերջին ամրոցը» (PDF). Վերցված է 12.02.2021-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 119