Ազգային փոքրամասնությունները և կրոնական կազմակերպությունները Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպություններ, աղանդներ, համաձայն մտքի, խղճի և կրոնի (ներառյալ վերջինս փոխելու) ազատության սահմանադրական իրավունքի (ՀՀ Սահմանադրություն, հոդված 26)՝ ՀՀ-ում պաշտոնապես գրանցվել են ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպություններ ու համայնքներ, որոնցից նշանակալի են «Հայաստանի Եզդիների (Շարաֆադինի) հետևորդներ կրոնական կազմակերպությունը» (կենտրոնը՝ Արագածոտնի մարզի, Շամիրամ գյուղ և Երևան), «ՀՀ Եզդիների ազգային «Շեխի Շեխու Բաքրա» համայնքը» (կենտրոնը՝ Երևան), «Ռուս ուղղափառ եկեղեցու Երևան քաղաքի Սուրբ Տիրամոր եկեղեցու ուղղափառ համայնքը», «Ռուս ուղղափառ եկեղեցու Գյումրի քաղաքի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու ուղղափառ համայնքը», «Ռուս ուղղափառ եկեղեցու Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցու ուղղափառ համայնքը», «Ռուս ուղղափառ եկեղեցու ՀՀ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի Կիրիկ և Իուլիտա Սուրբ Նահատակների եկեղեցու ուղղափառ համայնքը», «Ծաղկաձոր քաղաքի ռուս մոլոկանների կրոնական համայնքը», «Արևելքի Ասորական կաթողիկոսության Սուրբ Առաքելական եկեղեցի» Հայաստանի ասորական կրոնական կազմակերպությունը (կենտրոնը՝ Արարատի մարզի գյուղ Վերին Դվին), «Հայաստանի Հրեական կրոնական համայնքը» (կենտրոնը՝ Երևան) և այլն։ ՀՀ-ում գրանցված են նաև «Նորառաքելոց եկեղեցու Հայաստանի համայնք», «Նոր սերունդ եկեղեցի», «Արորդիների Ուխտ, կրոնական համայնք» (հեթանոսական պաշտամունքի) և այլ կրոնական կազմակերպություններ, ինչպես նաև մունականների, կրիշնայականության ու յոգայի, սատանայապաշտների զանազան խմբեր։ Գործում են նաև ազգային եկեղեցու դրույթներին ու ծեսերին հակադրվող աղանդավոր, կազմակերպություններ։ Աղանդների հետևորդները քարոզում են իրենց «ուսուցչի» գաղափարներն ու բարոյական նորմերը և ապրում դրանցով։

Նրանց համոզմունքների հիմքում իրենց առաջնորդի կարծեցյալ առավելություններն ու հեղինակությունն են և նրա աստվածացումը, որը հանգեցնում է քրիստոնեական ուղղափառ վարդապետության ժխտման, Աստվածաշնչի աղավաղման կամ աղավաղված մեկնաբանման։ Հետևաբար մեծամասնության համար աղանդները կեղծ, վնասակար և վտանգավոր են։ Աղանդները դեմ են ոչ միայն ազգային եկեղեցուն, այլև հաճախ պետությանն ու պետական կառույցներին։ Նրանց հետևորդները խուսափում են ազգային, քաղաքացիական, հասարակական, բարոյական պարտականություններից։

Հայաստանում առավել տարածված աղանդներից են՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Եհովայի վկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եհովայի վկաներ, 19-րդ դարի ավարտին Միացյալ Նահանգներում ստեղծված համաշխարհային կրոնական կազմակերպություն։ Ըստ 2017 թ. Եհովայի վկաների հաղորդած տվյալների նրանց անդամների թիվը ողջ աշխարհում 8.45 մլն է[1]։ Կազմակերպության գործունեությունը վերահսկվում է 8 անձից կազմված խմբի՝ «կառավարիչ մարմնի» կողմից[2]։ Նրանք հավատում են, որ մարդկությունը գտնվում է Աստվածաշնչում հիշատակված աշխարհի վախճանին նախորդող ժամանակաշրջանում։ Նրանք կատարել են մի շարք կանխատեսումներ, որոնք չեն իրականացել։ Oրինակ՝ կանխատեսել են, որ 1914, 1925 և 1975 թթ. լինելու է աշխարհի վախճանը[3][4][5]։ Եհովայի վկաները մերժում են արյան փոխներարկումը[6]։ Նրանք «ընկերակցությունից զրկում» են կազմակերպությունից դուրս եկող անդամներին, այսինքն՝ չեն շփվում ո՛չ կրոնական, ո՛չ էլ որևէ այլ թեմայով։ Եթե վտարված անհատն ընտանիքի անդամ է, շփումը պետք է հասցվի նվազագույնի[7][8]։ Եհովայի վկաներին խրախուսվում է հեռու մնալ բարձրագույն կրթությունից[9]։

Մորմոնների եկեղեցի («Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի»)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմևադրել է Ջոզեֆ Սմիթ Կրտսերը 1830 թվականին ԱՄՆ-ում։ Բարգավաճող աղանդներից է. ունի 40 հազար հաստիքային քարոզիչ։ Մորմոնները չեն ընդունում քրիստոնեական խորհրդանիշները՝ համարելով, որ դրանք ստեղծել է ոչ թե Աստված, այլ մարդը։ Նրանք պնդում են, թե իրենք իբր վերականգնում են Հիսուս Քրիստոսի եկեղեցին։ ՀՀ-ում մորմոնների կրոն, համայնքի (կենտրոնը՝ Երևան) ղեկավարը Ռոլանդ Դանն է։

Մորմոնների կենտրոնը ԱՄՆ-ում

Ադվենտիստներ կամ գալստականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադվենտիստական աղանդի հիմնադիր Վիլյամ Միլլերն (1782-1849)

Առաջացել է ԱՄՆ-ում 1830-ական թվականներին։ Բողոքականության հետևորդների տարատեսակներից է։ Քարոզում է Քրիստոսի երկրորդ գալուստը և երկրի վրա նրա աստվածային հազարամյա թագավորության հաստատման գաղափարը։ «Հայաստանի Շաբաթապահ-գալստական (ադվենտիստական) եկեղեցին» (կենտրոնը՝ Երևան) պաշտոնապես գրանցվել է 2006 թվականին, ունի 800 անդամ, ղեկավարը Դուգլաս Հարդթն է։

Հիսունականներ կամ հոգեգալստականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացել է ԱՄՆ-ում XIX դարի վերջին - XX դարի սկզբին։ Անվանումը կապված է Գործք առաքելոցում հիշվող Հոգեգալստյան տոնի հետ, երբ Սուրբ Հոգին առաքյալների վրա է իջել Քրիստոսի Հարության հիսուներորդ օրը, որի շնորհիվ նրանք կարողացել են քարոզել օտարալեզու ժողովուրդների մեջ։ ՀՀ-ում զանազան անուններով գործում են հիսունականների տարատեսակ խմբեր՝ «Կյանքի խոսք», «Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցի» և այլն։ Հիսունականները չեն ընդունում քրիստեական եկեղեցու պաշտոն, ծեսերը, սրբապատկերները, խաչը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։