Ազատություն և համաձայնություն (կուսակցություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազատություն և համաձայնություն (թուրք. Hurriet ve Itilaf.), իթիլաֆ, թուրքական քաղաքական կուսակցություն (իթիլաֆականներ)։ Ստեղծվել է 1911 թ.՝ 1908-ի սահմանադրության հռչակումից հետո առաջացած ընդդիմադիր մանր կուսակցությունների և խմբավորումների հիմքի վրա։ Այդ կուսակցությանը միացել են ազգային փոքրամասնությունների համարյա բոլոր քաղաքական կազմակերպությունները։ Նրանց աջակցությունը ստանալու և նրանց հետ դաշինքը պահպանելու նպատակով «Ազատություն և համաձայնություն» կուսակցությունն իր ծրագրում ներառել է ազգային մարզերի ինքնավարության և Օսմանյան կայսրության վարչական ապակենտրոնացման սկզբունքը՝ տարածքային ամբողջականության պահպանմամբ։ 1911 թ. դեկտեմբերի հրապարակված ծրագրում (71 հոդված) հռչակվում էր սահմանադրության պաշտպանություն, լիբերալ կարգերի ամրապնդում, ապակենտրոնացման և մասնավոր նախաձեռնության սկըզբունքների իրականացում։ Գլխավոր նպատակը երիտթուրքերի բռնապետության տապալումն էր։

1912-13 թթ. Թուրքիայում իշխանության գլուխ կանգնած էին իթիլաֆականների աջակցությունը վայելող կառավարություններ։ 1913 թ. հունվարի 23-ի երիտթուրքերի զինված խռովությունից հետո «Ազատություն և համաձայնություն»-ը տրոհվել Է երեք մասի։ Արմատական թևը մի շարք մահափորձեր է կազմակերպել երիտթուրքերի առաջնորդների դեմ. 1913 թ. հունիսի 11-ին սպանել են մեծ վեզիր Մահմուդ Շևքեթ փաշային, որից հետո երիտթուրքերը զանգվածային հալածանք են սկսել ընդդիմության դեմ, բանտարկել 300 հայտնի գործիչների։ Առաջին աշխարհամարտի ավարտին, երբ Թալեաթի կառավարությունը հրաժարական Է տվել, իթիլաֆականների ազդեցությունը վերստին մեծացել Է։ Նրանց ստեղծած կառավարությունը Կ. Պոլսում կազմակերպել է երիտթուրքերի դատավարությունը (1919-20 թթ.)։ Քեմալական շարժման հաղթանակից և հանրապետության հռչակումից հետո «Ազատություն և համաձայնություն»-ն ինքնալուծարվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png