Ադրիանոս
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման |
Ադրիանոս (նաև՝ Հադրիանոս, լատիներեն լրիվ անունը՝ Publius Aelius Hadrianus)։ Ծնվել է հունվարի 24-ին, 76, հավանաբար՝ Հռոմում, վախճանվել է հուլիսի 10-ին, 138, Կամպանիայի Բայա քաղաքում։ Հռոմի կայսր 117 - 138 թվականներին, հունական քաղաքակրթության ջերմ երկրպագու, միավորեց և ամրապնդեց Հռոմի լայնարձակ կայսրությունը։
Որպես կայսր, նա հաջորդեց Տրայանոսին, վերջինիս մահից հետո, թեև Տրայանոսը պաշտոնապես ժառանգ չէր հայտարարել։ Ադրիանոսը վարում էր ավելի խաղաղասեր քաղաքականություն, քան իր նախորդը, և կայսր հռչակվելուց անմիջապես հետո իր առաջին քայլն է եղել դուրս հանել հռոմեական զորքերը ապստամբած Հայաստանից և ճանաչել Հայաստանի անկախությունը, որտեղ ազատագրական պայքարը սկսել էր 116-ին և հաղթանակն անհուսալի էր դարձել հռոմեացիների համար։ 117-ին Վաղարշ Ա հռչակվեց անկախ Հայաստանի արքա։ Նմանապես, Ադրիանոսը դուրս քաշեց զորքերը Ասորիքից և Միջագետքից։ Կոսմոպոլիտ լինելով, Ադրիանոսը իր իշխանության ժամանակահատվածի գրեթե կեսն անցկացրեց Իտալիայից դուրս՝ շրջելով Կայսրության զանազան նահանգներում։ Այս ճանապարհորդությունների ընթացքում նա ամրացրեց սահմանային պաշպանական կառույցները, կազմակերպեց ճարտարապետական նշանավոր շինությունների կառուցումը և, որպես հայտնի հունասեր, կազմակերպեց Պանհելլենիոնը՝ համահունական կազմակերպություն, որը ներառում էր բոլոր հունական նահանգները։ 134թ. Ադրիանոսը դյուրությամբ ճնշեց հրեաների խռովությունը Պաղեստինում, երկրից արտաքսեց Հուդայի հրեաներին և ամրապնդեց Հռոմի իշխանությունն այնտեղ։ Ադրիանոսի իշխանության տարիներին արգելվեց քրիստոնյաների հալածանքը։
Ադրիանոսը տաղանդավոր բանաստեղծ էր, և նրա գրական և ճարտարապետական ճաշակները ու ոճը հատուկ ուղղություն տվեցին իր դարաշրջանի արվեստին։
Ադրիանոսը հավերժացվել է ականավոր կառույցներով, ինչպես՝ իր դամբարանը Հռոմում (այժմ՝ Ս. Հրեշտակ դղյակը), հռչակավոր Ադրիանոսի պարիսպը Բրիտանիայում, Զևսի տաճարը Աթենքում, Վեներայի տաճարը Հռոմում, կառուցել է քաղաք Թրակիայում և անվանել է այն իր անունով՝ Ադրիանուպոլիս (այժմ՝ «Էդիռնե» Թուրքիայում), և այլն։
Ադրիանոսի մահից հետո նրա աճյունը բերվել է Հռոմ և թաղվել իր իսկ կողմից կառուցված դամբարանում, 138 թվականին։
| Նախորդող Տրայանոս |
Հռոմի կայսր Ադրիանոս 117 - 138 |
Հաջորդող Անտոնինոս Պիոս |