Ադիյաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադիյաման, քաղաք ներկայիս Թուրքիայում, Ադիյամանի նահանգի վարչական կենտրոն։ Գտնվում է հայկական Կոմմագենեի տարածքում։ Բնակչությունը մոտ 200 000 (2010)։ Ադիյամանի բնակչությունը զբաղվում է տեխնիկական կուլտուրաների (ծխախոտ, բամբակ) մշակությամբ, արհեստներով և առևտրով։ 1927–ին, 1937–38–ին և հետո քաղաքում հետազոտվել է հին քարի դարի ուշ շրջանի բնակավայր, որտեղ գտնվել են քարե (կայծքար, հասպիս, երբեմն օբսիդիան) բազմատեսակ իրեր։ Որոշ գիտնականների կարծիքով նրանք պատկանում են օրինիակյան մշակույթին։ Գտածոների մեջ կան քերիչներ, կտրիչներ, բութ եզրով շեղբեր, ծակիչներ, որոշ քանակությամբ, մուստերյան կաղապարներ և, հավանաբար, նեոլիթյան դարաշրջանին պատկանող իրեր։ Ադիյամանի շրջակայքում գտնվել են նաև ժայռապատկերներ (քարայծերի)։ XIX-րդ դարի վերջերին Ադիյամանում բնակվում էր մոտ 6 հազար հայ։ Հայ համայնքն ուներ իր եկեղեցին և դպրոցները։ Ադիյամանի շրջակայքում կային հայաբնակ գյուղեր՝ Սամսար, Գանթարու, Կևրուկ։ 1895–ի համիդյան ջարդերի և 1909–ի Կիլիկիայի եղեռնի ժամանակ Ադիյամանի և շրջակայքի հայերը հերոսաբար դիմադրել են թուրք հրոսակներին։ Մեծ Եղեռնի ընթացքում հայերի մի մասը բնաջնջնվեց։ 1971–ին Ադիյամանում ապրում էր 52 հայ ընտանիք։ Ադիյամանում է ծնվել ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսակ Մանուշյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png