Ադելի անօրինակ արկածները (ֆր.՝ Les aventures extraordinaires d'Adèle Blanc-Sec), Լյուկ Բեսոնի ֆիլմը, որ էկրան է բարձրացել 2010 թվականին։ Ֆիլմը նկարահանվել է Ժակ Տարդիի կոմիքսի հիման վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլի 9-ին Բրյուսելի՝ ֆանտաստիկ ֆիլմերի կինոփառատոնի շրջանակներում[11]։
1912 թվական։ Խիզախ լրագրող Ադել Բլան-Սեկը պատրաստ է դիմել ամեն քայլի, որպեսզի բացահայտի ճշմարտությունն ու իր ընթերցողին ներկայացնի հերթական ցնցող լուրը։ Այս անգամ նա ուղևորվում է Եգիպտոս՝ նպատակ ունենալով գտնել Ռամզես II փարավոնի բժշկի մումիան։ Նա հույս ունի պրոֆեսոր Էսպերանդեի օգնությամբ կենդանացնել բժշկին, որ չափազանց խելացի էր և անգամ կարողացել էր պտերոդակտիլի ճուտին ստիպել դուրս գալ հնագույն ժամանակներից մնացած ձվից։ Ադելը ցանկանում է, որ փարավոնի բժիշկն օգնի բուժել իր քրոջը՝ Ագաթային, որ երկար ժամանակ կաթվածահար է։ Սակայն պարզվում է, որ նրա գտած մումիան բժիշկը չէ։