Ադա Նեգրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադա Նեգրի
Ada Negri
Негри Ада.jpg
Ծնվել է 3 փետրվարի, 1879
Ծննդավայր Լոդի, Լոմբարդիա
Մահացել է 11 հունվարի, 1945
Մահվան վայր Միլան
Ազգություն իտալացի
Մասնագիտություն բանաստեղծուհի

Ադա Նեգրի (իտալ.՝ Ada Negri; 3 փետրվարի, 1879, Լոդի, Լոմբարդիա — 11 հունվարի, 1945, Միլան), իտալացի բանաստեղծուհի։

Ծնվել է բանվորի ընտանիքում։ Իր առաջին ժողովածուներում՝ «Ճակատագիր» (1892, հայ հրտ․ 1919) և «Մրրիկներ» (1896, հայ հրտ․ 1924), իտալական պոեզիայում առաջին անգամ Նեգրին պատկերել է գործարանային բանվորների աշխատանքը, հնչեցրել խռովության մոտիվներ։

Ամուսնանալով արդյունաբերողի հետ՝ նա կտրվել է իր հարազատ միջավայրից․ այդ պատճառով ստեղծված հոգեկան ճգնաժամն է արտահայտված «Արտաքսում» (1914) ժողովածուում։ Հետագայում Նեգրիի պոեզիան կորցնում է սոցիալական ասպեկտը, կամերային բնույթ ստանում։

Նեգրիի ստեղծագործության աշխատավորական-դեմոկրատական մոտիվները հարազատ են եղել Հակոբ Հակոբյանի և Շուշանիկ Կուրղինյանի ոգուն։ Հակոբյանը առաջինն է իր թարգմանություններով («Բանաստեղծություններ», պրակ 1, 1903, պրակ 2, 1904, «Բանաստեղծություններ», 1909) հայ ընթերցողին ծանոթացրել Նեգրիի պոեզիային։ Նեգրիի ստեղծագործությոններից հայերեն են թարգմանել նաև Ա․ Ղազիկյանը («Ճակատագիր», ժողովածու) և ուրիշներ։

Գրականություն[խմբագրել]

Բ. Լյուսիֆևր, Աշխատանքի ու աշխատավորի գաղափարը Ադա Նեգրիի, Հ․ Հակոբյանի և Շ․ Կուրղինյանի բանաստեղծությունների մեջ, Նոր Նախիջևան, 1909։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png