Ադանայի վիլայեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլայեթ

Ադանա
Adana Vilayet, Ottoman Empire (1900).png
Վարչական տարածք Արևմտյան Հայաստան
Երկրամաս Կիլիկիա
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 403 400 մարդ (1915)
Ազգային կազմ Հայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմ Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականուն ադանացի
Ժամային գոտի UTC+3

Ադանայի վիլայեթ, վարչական միավոր Օսմանյան Կայսրության կազմում, Փոքր Ասիա թերակղզու հարավ-արևելյան մասում, Միջերկրական ծովի ափին։

Աշխարհագրություն և Երկրաբանություն[խմբագրել]

Ընդգրկում էր պատմական Կիլիկիայի արևմտյան մասը։ Հյուսիսից եզրավորված էր Կենտրոնական Տավրոսի և Անտիտավրոսի լեռնաշղթաներով, արևելքից՝ Ամանոսյան լեռներով, որոնց միջև տարածվում է Չուքուրօվայի (Կիլիկիայի) դաշտավայրը։

Ադանայի վիլայեթը տարածքով համընկնում էր ժամանակակից Թուրքիայի Իչելի և Սեյհանի (Ադանայի) վիլայեթներին։ Տարածությունը շուրջ 40 000 կմ2 էր։ Բաժանված էր Իչելի, Ադանայի, Կոզանի (Սսի) և Ջեբել-Բերեքեթի սանջակների։ Կենտրոնը՝ Ադանա։ Ադանայի վիլայեթի լեռները դժվարամատչելի են։ Լեռնանցքներից նշանավոր են Կիլիկիո դռները (հայ մատենագրության մեջ հայտնի են Դրունք Կիլիկիոյ անվամբ), կամ Կուկլակի կապանը (թուրք. Կյուլեք-բողազԿենտրոնական Տավրոսում և Ասորոց դուռը (Դրունք ԱսորւոցԱմանոսյան լեռներում։

Խոշոր գետերն են Սեյհանը (Սարոս, Սիհուն), Ջեյհանը (Պյուռամոս, Ջիհուն), Գյոքսուն (Կալիկադնոս, Սելևկիա) և Թարսուսը (Տարսոնագետ)։ Ադանայի վիլայեթի սահմաններում էին Մերսինի և Ալեքսանդրետի (Աղեքսանդրեակ, Իսկենդերուն, Հայկական) ծոցերը՝ բաժանված Կարատաշի հրվանդանով։ Միջերկրական ծովի այդ հատվածում, գետաբերանների մոտ (որտեղ կուտակվում են ալյուվիալ նստվածքներ) նկատվում է ցամաքի “աճ”։ Տարսոն քաղաքը, օրինակ, որը մ.թ. առաջին դարերում Միջերկրականի ափին էր, այժմ ծովափից ուղիղ գծով հեռացել է մոտ 17 կմ։

Ադանայի վիլայեթի լեռնային մասի կլիման չոր ցամաքային է՝ ձմռանը ցուրտ, ամռանը՝ զով։ Դաշտային մասն ունի տաք, միջերկրածովային կլիմա։ Տարեկան միջին ջերմաստիճանը 19 °C է (Ադանա), տեղումները՝ 600 մմ (առավելապես՝ ձմռանը, ամռանն անձրևները հազվադեպ են)։ Լեռնային մասերը հարուստ են աղբյուրներով և հանքային ջրերով, որոնց մի մասը հայտնի է բուժիչ հատկություններով (Իլիջե՝ Կենտրոնական Տավրոսի Բոլկար-դաղ բազուկի ստորոտին)։

Չուքուրօվայի դաշտավայրը ծածկված է ալյուվիալ, մարգագետնային արգավանդ հողերով։ Լեռների բարձրադիր մասերը ծածկված են կաղնու, հաճարենու, եղևնու, սոճու և մայրու անտառներով։ Օգտակար հանածոներից հայտնի են կապարն ու արծաթը (Բոլկար-դաղ), ցինկը (Անամուրի մոտ), քրոմիտը (Մերսինի շրջանում), մկնդեղը (Սելևկիայի մոտ)։

Պատմություն[խմբագրել]

Ադանայի վիլայեթը XX դ. սկզբին

Ադանայի վիլայեթի տարածքը բնակեցված է եղել նախնադարյան ժամանակներից։ Դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում այստեղ բնակվել են խեթերի հետ սերտ կապված տեղական ցեղերը։ Մինչև Ասորեստանի կողմից նվաճումը (մ.թ.ա. VIII դար) երկրամասը երկար ժամանակ ենթակա է եղել Խեթական թագավորությանը։ Մ.թ.ա. VIII-VII դդ. ծովափնյա շրջանում ստեղծվել են հունական և փյունիկյան գաղութներ։

Հետագայում երկրամասին տիրել են Աքեմենյանները (մ.թ.ա. VI-IV դդ.), ապա ընդգրկվել է Մակեդոնական կայսրության (մ.թ.ա. IV դ.), իսկ այնուհետև Սելևկյան կայսրության կազմում։ Մ.թ.ա. II դ. նվաճել է Հռոմը։ Կարճ ժամանակով դաշտային մասը Տիգրան Բ Մեծի կողմից միացվել է Մեծ Հայքին, սակայն 66 թ.-ին, Տիգրանի և Պոմպեոսի միջև կնքված պայմանագրով, կրկին անցել է Հռոմին։ Հռոմի բաժանումից հետո, մինչև 1076 թ.-ը, մնացել է Բյուզանդիայի տիրապետության ներքո, միայն VIII-IX դդ. ժամանակավորապես նվաճվել է Արաբական խալիֆայության կողմից։ 1080-1375 թթ.-ին մտել է Կիլիկիայի հայկական պետության կազմի մեջ։ Դրանից հետո երկրամասին տիրել են եգիպտական մամլյուքները, իսկ 1516 թ.-ին՝ թուրքերը։

Ադանայի վիլայեթը Օսմանյան կայսրության շրջանում[խմբագրել]

1915 թ.-ին Ադանայի վիլայեթն ուներ 403 400 բնակիչ, որի մոտ կեսը (178 000) հայեր էին, մնացածը՝ թուրքեր, հույներ, չերքեզներ, արաբներ, թուրքմեններ, քրդեր, յուրյուքներ, գնչուներ։ Կլիմայական ծանր պայմանների պատճառով Ադանայի վիլայեթը նոսր էր բնակեցված։ Չուքուրօվայի դաշտավայրում, հատկապես ծովափնյա շրջաններում, լինում են սաստիկ շոգեր։ Նույնիսկ ծովափից հեռու վայրերում կլիման խիստ վատառողջ է, տենդը սովորական երևույթ է։ Դաշտեցի ունևորները տենդից խուսափելով ամռանը բարձրանում էին լեռնային շրջանները։ Ադանայի վիլայեթում գերակշռում էր գյուղական բնակչությունը։ Գլխավոր քաղաքներն էին Ադանան և Մերսինը։

Մշակույթ[խմբագրել]

Ադանայի վիլայեթում էին գտնվում հնադարյան քաղաքակրթության նշանավոր կենտրոններ Տարսոնը, Մամեստիան, Անարզաբան, Սելևկիան, Կիլիկիայի հայկական պետության վաղեմի մայրաքաղաք և Կիլիկիո կաթողիկոսի աթոռանիստ Սիսը։ Ադանայի վիլայեթը բացօթյա մի ընդարձակ թանգարան է՝ հնագույն, հին և միջին դարերի բազմաթիվ ժողովուրդների բնակավայրերի և հուշարձանների ավերակներով։ Դեռ կիսականգուն մնում են Կիլիկիայի հայկական պետության բազում բերդերի՝ Սսի, Վահկայի, Կապանի, Կոռիկոսի, Սելևկիայի, Անամուրի, Լամբրոնի, Կուկլակի, Գերմանիկեի (Էրմենեկ), Թումլուի, Թիլ Համդունի, Լևոնկլայի, Օձաբերդի, Սիկիբերդի, Սիմանկլայի, Ամուտաբերդի և այլ բերդերի և միջնադարյան հայկական վանքերի ավերակները։

Տնտեսություն[խմբագրել]

Ադանայի վիլայեթի տնտեսության հիմնական ճյուղը հողագործությունն էր։ Բամբակենուց բացի (տարեկան 20000 տոննա) մշակում էին քունջութ, ցորեն, վարսակ։ Տարածված էր ծիրանի, խնձորի, նռան, ընկույզի, ձիթապտղի և ցիտրուսների (նարնջի, կիտրոնի) մշակությունը։ Զարգացած էր բանջարանուծությունը։ Լեռնային մասերում առավելապես զբաղվում էին անասնապահությամբ։ Կային բամբակի մաքրման, մահուդ, թաղիք, կտավ, գորգեր, կաշի, թամբ արտադրող տնայնագործական ձեռնարկություններ։ Սեյհանի և Ջեյհանի գետաբերանների միջև ընկած ծովալճակներից արդյունահանվում էր աղ։

Ադանայի վիլայեթում առաջին երկաթուղին (Մերսին-Ադանա, 67 կմ) շահագործման է հանձնվել 1886-ին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դրան միացվեց Բաղդադի երկաթուղու՝ Կոնիայից Կիլիկիո դռների և Ադանայի վրայով Ասորիք մտնող հատվածը։ Ադանայի վիլայեթով էին անցնում նաև Ասորիք և Միջերկրականի ափերը տանող մի քանի տարանցիկ ճանապարհներ, որոնցով փոխադրումները կատարվում էին ուղտերով կամ սայլերով։ Սեյհան (Ադանայից մինչև գետաբերանը) և Ջեյհան (Մամեստիայից մինչև գետաբերանը) գետերի վրա կար նավարկություն։ Միջերկրականի ափին գլխավոր նավահանգիստը Մերսինն էր։ Ադանայի վիլայեթի արդյունաբերական և արհեստագործական ձեռնարկությունների մեծ մասը և առևտուրը գտնվում էին հայերի ձեռքին։ Երկրագործությամբ զբաղվող հայերն արդեն օգտագործում էին Եվրոպայից ներմուծած գյուղատնտեսական մեքենաներ։

Կիլիկիայի Հայկական Մարզը (XIX դ. վերջ - XX դ. սկիզբ)

Ադանայի վիլայեթը Աբդուլ Համիդ II-ի և Մեծ Եղեռնի ժամանակաշրջանում[խմբագրել]

Աբդուլ-Համիդ II-ի և երիտթուրքերի օրոք կազմակերպված հայ բնակչության ջարդերը (Ադանայի կոտորած 1909), ապա և 1915 թ.-ի տեղահանությունն ու եղեռնը ավերեցին վիլայեթի տնտեսությունը։ երբ 1919 թ.-ին ֆրանսիական բանակը հայ կամավորականների օժանդակությամբ գրավեց Ադանայի վիլայեթը, շատ հայեր վերադարձան այնտեղ՝ հույս դնելով ֆրանսիացիների պաշտպանության վրա։ Սակայն Անկարայի 1921 թ.-ի հոկտեմբերի 20-ի պայմանագրի (Թուրք-Ֆրանսիական համաձայնագիր 1921) համաձայն ֆրանսիացիները 1922 թ.-ի հունվարի 5-ին թուրքերին հանձնեցին վիլայեթն ու հեռացան։ Նոր կոտորածի սպառնալիքը Կիլիկիայի 150 000 հայերին ստիպեց տեղափոխվել Սիրիա և Հունաստան։ Այժմ փոքրաթիվ հայեր բնակվում են Մերսին և Տարսոն քաղաքներում։ Ներկայիս Ադանայի վիլայեթի տարածքը 17300 կմ2 է, բնակչությունը՝ 1965 թ. դրությամբ՝ 902 700։

Վարչական բաժանում[խմբագրել]

Ադանայի վիլայեթի կազմի մեջ էին մտնում հետևյալ գավառները.

Ադանայի սանջակ[խմբագրել]

Ադանայի գավառի կազմի մեջ էին մտնում հետևյալ գաառակները.[1]

Իչելի սանջակ[խմբագրել]

Իչելի գավառի կազմի մեջ էին մտնում հետևյալ գավառակները.[2]

Տարսոնի սանջակ[խմբագրել]

Տարսոնի գավառի կազմի մեջ էին մտնում հետևյալ գավառակները.[3]

Քոզանի սանջակ[խմբագրել]

Քոզանի գավառի կազմի մեջ էին մտնում հետևյալ գավառակները.[4]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Ադանայի գավառ, հտ 1, էջ 30
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Իչելի գավառ, հտ 2, էջ 533
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Ուլաշի գյուղախումբ, հտ 5, էջ 178
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Քոզանի գավառ, հտ 5, էջ 427


Օգտագործված աղբյուներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, հ.1, էջ 68-69

Ծանոթագրություններ և նշումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png