Աբստրակցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբստրակցիա (լատ.՝ abstractio - վերացարկում), առարկաների և երևույթների ոչ էական հատկություններից մտովի վերանալը, նրանց հիմնական կողմերի և հատկանիշների ընդհանրացումը։ Աբստրակցիայով կատարված ընդհանրացումներն արտահայտվում են հասկացությունների, կատեգորիաների, օրենքների, գիտական համակարգերի և իմացության այլ ձևերով։ Գիտական աբստրակցիան բնության և հասարակության էական հատկանիշները մարդկային մտածողության մեջ արտացոլող իմացության պրոցեսի կարևոր տարրն է։

Վերացարկումը հնարավորություն է ընձեռում առանձնացնելու մտքի առարկան և այն քննելու տվյալ առումով կողմնակի, խաթարիչ գործոններից զերծ՝ մաքուր տեսքով, ապահովելով մտքի ազատ ստեղծագործությունը՝ տեսական մտածողության հարաբերական ինքնուրույնությունը։ Ձևական տրամաբանության մեջ որպես աբստրակցիաի տեսակներ առանձնացվում են՝ «մեկուսացնող աբստրակցիա», որի դեպքում վերացարկվում և որպես ինքնություն դիտվում է որևէ առանձին հատկանիշ, այդպես գոյանում են «վերացական հասկացությունները» երկարություն, արդարություն և այլն). «ընդհանրացնող աբստրակցիա», որի շնորհիվ գոյանում են հասկացությունները առարկաների դասի (եռանկյունի, բույս և այլն) կամ համախմբության (մարդկություն և այլն) մասին։

Մաթեմատիկայի հիմունքներում կարևոր նշանակություն ունեն մաթեմատիկայի և տրամաբանության այնպիսի հիմնական աբստրակցիաներ, ինչպիսիք են՝ նույնացման վերացարկումը, որը հնարավորություն է ընձեռում հավասարության տիպի հարաբերությամբ կապված օբյեկտների մասին խոսել որպես միատեսակ օբյեկտների. ակտուալ անվերջության վերացարկումը, որի դեպքում վերացարկում են անվերջ բազմությունը վերջավոր եղանակով ներկայացնելու գործնական անհնարինությունից և այն դիտարկում որպես առկա, տրված. պոտենցիալ իրականացման վերացարկումը, որի դեպքում վերացարկում են մեր կոնստրուկտիվ ռեալ հնարավորությունների սահմանափակություններից։ Պատմական զարգացում ապրող ամբողջությունների (հասարակություն, օրգանական աշխարհ, գիտելիք և այլն) ուսումնասիրության դեպքում բեղմնավոր է աբստրակցիայից կոնկրետին անցնելու մեթոդը, պատմական պրոցեսի տրամաբանական ներկայացման եղանակը, որը կիրառել է Մարքսը «Կապիտալ»–ում, յուրացնելով ու զարգացնելով Հեգելի «Տրամաբսւնության գիտության» գաղափարները։

Գրականություն[խմբագրել]

  • Մարքս Կ., Քաղաքատնտեսության քննադատության շուրջը, Ե., 1948
  • Նույնի, Կապիտալ, հ. 1, Ե., 1954
  • Георкян Г. А., О роли абстракции в познании, Е., 1957
  • Горский Д. И., Вопроси абстракции и образовании понятий, М., 1961
  • Яконская С. А., Методалогические проблемы науки, М. 1972
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png