Աբեռացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղագիտական աբեռացիայի գծագիրը

Աբեռացիա (լատ. aberratio–շեղում, մոլորում),

1. Աստղագիտության մեջ, երկնոլորտում լուսատուի թվացող տեղաշարժ, որ հետևանք է լույսի տարածման վերջավոր արագության և Երկրի շարժման։ Աբեռացիա լինում է օրական՝ պայմանավորված Երկրի օրական պտույտով, տարեկան՝ Արեգակի շուրշը Երկրի շարժմամբ և դարավոր՝ Տիեզերքում Արեգակնային համակարգության տեղաշարժմամբ։ Աբեռացիան հայտնաբերել է Ջ. Բրադլեյը 1725 թ.–ին։

Ընդունենք, որ CB (տես գծ.) դիտորդ–լուսատու ուղղությունն է, A՝ ապեքսը։ Անշարժ դիտակով լուսատուն տեսնելու համար դիտափողը պետք է ուղղել CB–ով։ Բայց քանի որ դիտորդը Երկրի հետ շարժվում է, ապա t ժամանակում, երբ լույսը B–ից անցնի C, դիտորդը C–ից կհասնի C՛։ Ուստի, լուսատուն տեսնելու համար դիտափողն անհրաժեշտ է ուղղել CB՛–ով, այսինքն՝ թեքել՝ α անկյունով (α–ն կոչվում է աբեռացիա)։ Այսպիսով, լուսատուն կտեղափոխվի շարժման ուղղությամբ դեպի ապեքս α անկյունով։ CB կոչվում է լուսատուի իսկական, իսկ CB՛ տեսանելի ուղղություն։ Աբեռացիա հաշվվում է α՛՛=χ sinφ բանաձևով, որտեղ χ կոչվում է Ա–ի հաստատուն և միջազգային համաձայնությամբ 20, 496՛՛ է։

Աբեռացիա հաշվելու ավելի ճշգրիտ բանաձև ստացվում է Լորենցի ձևափոխությունների օգնությամբ։ Սակայն ուղղումն անչափ փոքր է ժամանակակից չափումների ճշտության սահմանից, ուստի գործնականում օգտվում են դասական ֆիզիկայի բանաձևից։

2. Օպտիկայում՝ պատկերի թերություն, որ առաջ է բերում օպտիկական համակարգը։

3. Կենսաբանության մեջ՝ բուսական կամ կենդանական տեսակի շեղում նորմալ ձևից։ Բնության մեջ աբեռացիան հազվադեպ է, ժառանգական չէ և ըստ ամենայնի առաջանում է արտակարգ պայմանների ազդեցությամբ։

4. Հոգեբանության մեջ՝ շեղում նորմալ մտածողությունից։ Լինում է կարճատև (հոգնածությունից, ցնցումից) կամ երկարատև (հոգեկան հիվանդությունների դեպքում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png