Աբդ էլ-Կադիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդ էլ-Կադիրը

Աբդ էլ-Կադիր (սեպտեմբերի 6, 1808, Մասկարա - մայիսի 26, 1883, Դամասկոս; արաբ.՝ عبد القادر الجزائري‎‎), ֆրանսիական գաղութարարների դեմ Ալժիրի ժողովրդի ազատագրական շարժման առաջնորդ։ Աբդ էլ-Կադիրի հակաֆրանսիական պայքարի բարեհաջող փուլում (1834) Ֆրանսիան ստիպված ճանաչեց նրա իշխանությունը Ալժիրի ներքին մարզերում, ուր կազմվեց ամիրայություն։ Աբդ էլ-Կադիրը ստեղծեց կանոնավոր բանակ, կազմակերպեց ռազմական ուսուցում, կառուցեց ամրոցներ։ 1843-ին, երբ ֆրանսիական զորքերը գրավեցին ամիրայությունը, նա փախավ Մարոկկո։ 1845-ին վերադառնալով Ալժիր՝ ղեկավարեց հակաֆրանսիական նոր ապստամբությունը, որի պարտությունից հետո գերվեց։ 1852-ից բնակվել է Դամասկոսում։ 1860-ի հուլիսին, երբ Դամասկոսում դրուզները փորձեցին կոտորել քրիստոնյաներին, Աբդ էլ-Կադիրը, օգտագործելով իր հեղինակությունն ամբոխի շրջանում և անձնական ալժիրական պահակագունդը, փրկեց մի քանի հազար քրիստոնյաների կյանքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png