Աբգար
Աբգար Արշամա (ծն. և մահ. թվերն անհայտ), Օսրոյենեի (Եդեսիայի թագավորություն) արքա մ.թ.ա. 4 թ.—մ.թ. 7 թ. և մ.թ. 13—50 թթ., ըստ ավանդության՝ ընդունել է քրիստոնեություն դրանով դառնալով 1-ին դարի անդրանիկ քրիստոնյա թագավորը: Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ է: Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության», եղել է Հայոց թագավոր:
Մովսես Խորենացին պատմում է, որ Աբգար V-ը, «լսելով Փրկչի սքանչելագործությունների համբավը և հավատալով, որ դրանք մարդու զորություններ չեն, այլ Աստծու», իր բանբերների միջոցով թուղթ՝ նամակ-խնդրագիր է ուղարկում Երուսաղեմ՝ Փրկչին, որպեսզի նա գա և բժշկի իրեն, որովհետև նրա մարմինն ապականված էր չարաչար ցավերով՝ բորոտությամբ: Աբգարը արժանանում է Փրկչի պատասխանին, որտեղ ասվում է, որ Փրկիչը կուղարկի իր աշակերտներից մեկին, որը կգա, «կբժշկի և կյանք կշնորհի քեզ և քեզ հետ եղողներին»: Փրկչի համբարձվելուց հետո Թովմաս առաքյալը Եդեսիա է ուղարկում Թադեոս առաքյալին, որը բուժում է Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին ու ախտավորներին, քարոզում Ավետարանը և Եդեսիայի եպիսկոպոս կարգում Ադդե անունով մետաքսագործին, ապա մեկնում, ըստ Մովսես Խորենացու, Աբգարի քեռորդու՝ Հայոց Սանատրուկ թագավորի արքունիք:
Աբգարը դարձի գալով նամակներ (թղթեր) է հղում Հռոմի Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին, Պարսից Արտաշիր թագավորին, «որպեսզի նրանք ևս ընդունեն Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստծո Որդու և Փրկչի»: