Dasaran (կրթական ծրագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է «Dasaran» կրթական ծրագիրից)
Dasaran
Изображение логотипа
ՏեսակՄասնավոր ընկերություն (ՀԿ)
ՀիմնադիրՍուրեն Ալոյան
ՎայրԵրևան, Հայաստան
Կայքdasaran.am

Դասարանը հանրակրթության ոլորտում գործող կրթական ծրագիր է, որի նպատակն է նպաստել կրթական ոլորտի բարեփոխմանը, հանրակրթության ոլորտի թափանցիկության ապահովմանը, թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներդրման միջոցով կրթության կառավարման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը։ Կրթական ծրագիրը մեկ առցանց հարթակում է համախմբում հանրակրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին։

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթական ծրագիրն ապահովում է կրթության հասանելիությունը հավասարապես բոլոր աշակերտների համար՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից և աշխարհագրական դիրքից։ Կրթական ծրագրի կողմից մշակված ինտերակտիվ մեթոդների, մշակված էլեկտրոնային գործիքների և ուսուցողական խաղերի շնորհիվ ուսուցումն աշակերտների համար դառնում է առավել մատչելի և հետաքրքիր։

Dasaran կրթական ծրագիրն իր ստեղծած նորարական գործիքների միջոցով աջակցում է առավել արդյունավետ կրթական քաղաքականության մշակմանը՝ ուղղված ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների (որակյալ ուսուցում(ԿԶՆ 4), արդյունաբերություն, նորարարություն և ենթակառուցվածքներ(ԿԶՆ 9), կրճատված անհավասարություն (ԿԶՆ 10)) իրագործմանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Dasaran կրթական ծրագիրն ստեղծվել է Հայաստանում՝ Երևանում, 2009 թվականին Սուրեն Ալոյանի նախաձեռնությամբ և մի խումբ ստեղծարար ու մոտիվացված երիտասարդների աջակցությամբ։ Հավատարիմ մնալով իր որդեգրած առաքելությանը՝ կրթության ոլորտի որակական բարեփոխմանը, կրթական ծրագիրը տրամադրում է միասնական ցանցային հարթակ[1]՝ հագեցած առցանց խաղերով, մրցույթներով, օլիմպիադաներով, ինչպես նաև իրականացնում արտացանցային մի շարք միջոցառումներ։ Ներկայումս Dasaran կրթական ծրագիրը գործում է Հայաստանի և Արցախի 1484 հանրակրթական դպրոցում՝ մեկ ընդհանուր հարթակում ներառելով 1,107,346 գրանցված բաժանորդի (533,542 աշակերտ և շրջանավարտ, 533,542 ծնող, 38,778 ուսուցիչ և 1,484 տնօրեն)։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցների կառավարման և վերահսկման համակարգ

Կայքում առկա էլեկտրոնային օրագիրը և էլեկտրոնային մատյանը աշակերտների, ծնողների, ուսուցիչների և դպրոցի անձնակազմի համար մշակված գործիքներ են, որոնք  հնարավորություն են տալիս ստուգելու դպրոցականների առաջադիմությունը և տեղեկատվություն ստանալու տնային հանձնարարությունների, բացակաների, կարգապահության, կիսամյակային գնահատականների և դասավանդվող առարկաների մասին[2]։

Աշակերտների, ծնողների, ուսուցիչների և տնօրենների համար նախատեսված վիճակագրական գործիքի միջոցով հնարավոր է հետևել աշակերտների առաջադիմության վարկանիշային տվյալներին դասարանի, դպրոցի կամ մարզի կտրվածքով, տեղեկատվություն ստանալ յուրաքանչյուր առարկայի միջին գնահատականի, աշակերտների առաջադիմության և բացակաների քանակի մասին։ Մեկ այլ գործիքի միջոցով ուսուցիչը կարող է պարզել, թե աշակերտներից յուրաքանչյուրը որքանով է յուրացրել դասաժամի ընթացքում մատուցված նյութերը։ Կայքի էլեկտրոնային հարթակում ուսուցիչները կարող են նաև ձևավորել խմբեր, որտեղ կկարողանան քննարկել կրթության ոլորտի բազմաբնույթ խնդիրներ՝ մատնանշելով նաև լուծման ուղիները։

E-stat էլեկտրոնային վերլուծական գործիք[3]

Կրթական ծրագրի կողմից մշակված E-stat առցանց վիճա­կագրական-վերլուծական գործիքի[4] միջոցով կատարվում է կրթական ցուցանիշների արդյունավետ մշտադիտարկում և վերլուծության է ենթարկվում դպրոցների արդյունավետությունը, աշակերտների կատարողա­կանը, ինչպես նաև ժողովրդագրական տվյալների դինամիկան։ Գործիքը հնարավորություն է ընձեռում  ստանալու իրական ժամանակում թարմացվող այնպիսի տվյալներ, ինչպես օրինակ՝ մարզերում աշակերտների, ծնողների և ուսուցիչների բաշխվածությունն ըստ տարիքի կամ սեռի, աշակերտների միջին գնահատականը, գերազանցության և բացակայության ցուցանիշները, աշակերտական միջդպրոցական և արտաքին (այլ երկրներ) տեղաշարժերը, ուսուցիչների ծանրաբեռնվածության ցուցանիշները, ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը և այլն։ Ըստ որում՝ էլեկտրոնային վերլուծական գործիքը եզակի հնարավորություն է տալիս նաև ստանալ վերը թվարկված (և ոչ միայն) վիճակագրական բոլոր տվյալների զարգացման համեմատական պատկերն ըստ տարիների։

Կայքում առկա օժանդակ բաժիններն ու առցանց էլեկտրոնային գործիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրագիտարան

Այս բաժնում օգտատերերը կարող են որոնել ու գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը աշխարահագրության, պատմության, արվեստի և մշակույթի, գյուղատնտեսության, կրոնի, սպորտի, Հայաստանի, հայկական բանակի, ռեկորդների և հայտնագործությունների, նշանակալի օրերի, ինչպես նաև մեծանուն մարդկանց մասին։

Դիմորդի անկյուն

Այս բաժինն ամբողջական տեղեկատվություն է տալիս Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մասին՝ ներառյալ այդ հաստատությունների կառուցվածքի նկարագրությունը, կրթական հաստատությունների վերաբերյալ գործող օրենքները, որոշումներն ու հրամանագրերը, ինչպես նաև վերոնշյալ հաստատություններում առկա մասնագիտությունները, ընդունելության կարգը, քննական թեստերի օրինակները, անցողիկ միավորների ցանկը, ուսման վարձը և այլն։

Առողջապահություն

Այս ինտերակտիվ բաժնում օգտատերերը կարող են տեղեկատվություն ստանալ առողջ ապրելակերպի, առաջին բուժօգնության, դեղորայքի, կոսմետոլոգիայի, ոչ ավանդական բժշկության, բժշկական իրավունքի, պատմական ժամանակագրության, երեխաների առողջության, հիվանդությունների և դրանց ախտանիշների մասին։ Օգտատերերը կարող են նաև տեղեկանալ հրատապ թեմաներին ու իրադարձություններին, դեպքերին և փաստերին, ընթերցել առողջապահական լուրեր, ալգորիթմեր, ստանալ խրատներ ու խորհուրդներ։

Հոգեբանի անկյուն

Բաժինն ապահովում է բարձր որակավորում ունեցող հոգեբանների խորհրդատվությունն դպրոցականներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին հոգեբանական ցանկացած խնդրի վերաբերյալ։ Համակարգն ամբողջովին ապահովում է օգտատերերի գաղտնիությունը։

Հոգեբանական թեստեր

Այս բաժնում տեղադրված հոգեբանական թեստերը նպաստում են դպրոցականների ինքնաճանաչման գործընթացին և օգնում ճիշտ միջանձնային հարաբերությունների կառուցմանը։

Գրական անկյուն

Կայքի այս բաժինը թույլ է տալիս աշակերտներին տեղադրել սեփական գրական-գեղարվեստական ստեղծագործությունները և ստանալ արձագանքներ, մեկնաբանություններ դրանց վերաբերյալ։

Մրցույթներ

Կրթական ծրագիրն իր գործընկերների հետ համատեղ պարբերաբար իրականացնում է տարբեր մրցույթներ և միջոցառումներ, որոնց միջոցով աշակերտները կարողանում են ինքնադրսևորվել՝ բացահայտելով իրենց բնորոշ հատկանիշներն ու ունակությունները։

Կայքի այս հետաքրքիր բաժնի միջոցով օգտատերերը տեղեկացվում են անցկացվելիք միջոցառումների մասին, ծանոթանում մասնակցության կարգին, ինչպես նաև ստանում տեղեկատվություն արդեն իրականացված միջոցառումների և հաղթող աշակերտների մասին։

Միջդպրոցական ինտերակտիվ ցանց

Dasaran-ն աշակերտների համար մշակված հեռահար կրթության, կրթության խաղայնացման, փորձի փոխանակման առանձին հարթակ է՝ հիմնված ներքին միջաշակերտական ցանցի վրա։

Կրթական խաղեր

Այս բաժինը ներառում է ավելի քան 50 կրթական-ուսուցողական խաղեր, որոնք նպատակաուղղված են գիտելիքների ընդլայնմանը և թույլ են տալիս համատեղել ինտերակտիվ ու այլընտրանքային կրթությունը։ 

Համագործակցություն [խմբագրել | խմբագրել կոդը]

Dasaran կրթական ծրագիրը համագործակցում է ՀՀ կառավարության աշխատակազմի, Կրթության և գիտության նախարարության[5], Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության[6], Մշակույթի նախարարության, Երևանի հանրակրթության վարչության, ինչպես նաև մարզպետարանների հետ[7]։

Կրթական ծրագիրը հաջողությամբ համագործակցում է նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների հետ, այդ թվում՝ Համաշխարհային բանկի[8], ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան[9], Եվրոպական միության պատվիրակության[10], Save the Children-ի[11], Counterpart International-ի, Dalberg Global Development Advisers-ի, Boston Consulting Group-ի, ԱրմԱս ընկերության[12], «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի[13] և այլ կազմակերպությունների։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Dasaran-ն արժանացել է մի շարք մրցանակների տեղական և միջազգային մարմինների կողմից.

  • ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է երախտագիտության մեդալով՝ կրթության ոլորտում ներդրած ավանդի և արդյունավետ աշխատանք կատարելու համար[14]։
  • Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի կողմից ստացել է շնորհակալագիր[15]՝ Արցախի կրթական համակարգին պարբերաբար ցուցաբերվող աջակցության համար[16]։ 
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվել է «Ոսկե հուշամեդալ»-ով[17]։
  • ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է հուշամեդալով։
  • Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից կազմակերպված Accelerate 2030[18] միջազգային մրցույթում  ճանաչվել է աշխարհի 5 լավագույն նորարարական ծրագրերից մեկը[19]։
  • Կոպենհագենի Euroscience բաց ֆորումում արժանացել է լավագույն Startup մրցանակի։

Dasaran կրթական ծրագրի ծավալած գործունեության արդյունավետությանն ու արդիականության են անդրադարձել մի շարք տեղական ու միջազգային կառույցներ և լրատվամիջոցներ, այդ թվում՝ Huffington Post-ը[20], SDG Studio Geneva-ն[21], Why Armenia հայկական նորարարական նախաձեռնությունները ներկայացնող կայքը[22], Impact Hub Geneva-ն[23], Europe Sun-ը[24], Belgium Sun-ը[25], Munich Metro-ն[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dasaran.am» ծրագիրն անվճար հիմունքներով հասանելի կդառնա Հայաստանի բոլոր դպրոցներին
  2. Dasaran - Նորարարություն կրթության ոլորտում
  3. Պաշտոնապես ներկայացվեց "E-stat" էլեկտրոնային վերլուծական գործիքը
  4. «Դպրոցների և կրթության մշտադիտարկում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. «Հայաստանը հնարավոր է վերածել կրթական հաջողված մոդելներ արտահանող երկրի. Սուրեն Ալոյան»
  6. ««Սուպեր Դավիթ». էլեկտրոնային նոր ուսուցողական խաղ երեխաների համար». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. ՀՀ տասը մարզերի մարզպետարանների ներկայացուցիչների այցը Dasaran(չաշխատող հղում)
  8. Համաշխարհային բանկ + Dasaran + ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն = նոր նախագծի մեկնարկ(չաշխատող հղում)
  9. Տեղի ունեցավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Dasaran-ի կողմից համատեղ իրականացված կրթական խաղի շնորհանդեսը
  10. E-Stat Diagnostic Tool on Public Education Officially Presented
  11. Կայացավ «Տարբերությունների քաղաք» կրթական խաղի շնորհանդեսը(չաշխատող հղում)
  12. «Եռակողմ հուշագիր հանուն հայ աշակերտների գիտակից ապագայի». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  13. Եռակողմ հուշագիր հանուն հայ աշակերտների գիտակից ապագայի
  14. ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է երախտագիտության մեդալով
  15. Dasaran-ն Արցախում պարգևատրեց նոր սերնդի դպրոցներին(չաշխատող հղում)
  16. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունեց Dasaran-ի թիմին(չաշխատող հղում)
  17. Dasaran-ի թիմը պարգևատրվեց «Ոսկե հուշամեդալ»-ով
  18. «UNDP AND IMPACT HUB ANNOUNCE FIVE INTERNATIONAL FINALISTS IN ACCELERATE 2030». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  19. Dasaran-ը՝ միջազգային խոշոր մրցույթի լավագույն 5 նորարարական ծրագրից մեկը(չաշխատող հղում)
  20. ARMENIA CHAMPIONS PIONEERING IMPACT INVESTMENT TREND
  21. SDG Studio UN Geneva - SDG 4 - Suren Aloyan
  22. Dasaran Educational Program: Meet the "Armenian Know-How"
  23. «"This Armenian Ed-Tech Company is Changing the Way We Run Our Schools"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  24. Armenia's Dasaran among world's 5 best innovative enterprises
  25. Armenia's Dasaran among world's 5 best innovative enterprises
  26. Armenia's Dasaran among world's 5 best innovative enterprises