«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրենիքի շքանշան

Հայաստանի ազգային հերոս - Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում։ Հիմնադրվել է 1994թ. մարտի 29-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 1994թ. ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1994թ. մայիսի 8-ին ուժի մեջ մտած ««Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014թ. օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Կոչման կարգավիճակը[խմբագրել]

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում։[1]

Կոչում ստացողները[խմբագրել]

1994թ. ընդունված մայր օրենքի համաձայն «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ 2003թ. նոյեմբերի 6-ին օրենքում կատարվեց լրացում, ըստ որի «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց։ 2014թ. սահմանումը վերաձևակերպվեց և այժմ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց:

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած զոհված անձի ընտանիքն օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից:

Կոչման շնորհման միջնորդությունը[խմբագրել]

1994թ. ընդունված մայր օրենքի համաձայն 1993-2003թթ. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու միջնորդությունը հարուցվում էր Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ 2003թ. նոյեմբերի 6-ին օրենքում կատարված փոփոխությամբ այդ դրույթը ճանաչվեց ուժը կորցրած։

2014թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը կոչումը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ շնորհման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա:

Բարձրագույն կոչում շնորհելու հարցը քննարկվում է Ազգային անվտանգության խորհրդի նիստում:

Կոչման շնորհման վիճակագրությունը[խմբագրել]

Կոչումը շնորհվել է 15 անձի, որոնցից 14-ը ազգությամբ հայ են, մեկը՝ ռուս։

15 հերոսներից 9-ին կոչումը շնորհվել է հետմահու։

Ըստ տարեթվերի կոչումը շնորհվել է.

  • 1994թ. - 3,
  • 1996թ. - 7,
  • 1999թ. - 2,
  • 2004թ. - 2,
  • 2008թ. - 1 անձ։

Հայաստանի ազգային հերոսները[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի ազգային հերոսների ցանկ


Հղումներ[խմբագրել]

  1. Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք